ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը հունվարի 26-ին Կուսակցության խորհրդի նիստի ժամանակ հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ, անդրադառնալով ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանի ՝ քաղաքականություն վերադառնալու պատրաստակամությանը, նշել է. «Մի քանի խոսք, ընդամենը երկու բառ՝ այս օրերին հետաքրքրություն ներկայացնող մյուս հարցերի, այդ թվում՝ Գագիկ Ծառուկյանի քաղաքական դաշտ վերադառնալու և դաշինքներ ձևավորվելու մասին: Շատ հակիրճ եմ ասում՝ ես չեմ ողջունել Գագիկ Ծառուկյանի քաղաքական դաշտ վերադառնալը, իսկ ինչ վերաբերում է դաշինքների կազմավորմանը կամ քաղաքական տարբեր ուժերի մասնակցությանը ընտրապայքարին՝ դրական երևույթ եմ համարում»:
Արդյո՞ք նախագահի այս խոսքը փաստում է, որ ՀՀԿ-ում նախընտրական տրամադրությունները կտրուկ փոխվել են և նախագահն այս կերպ նաև հասկանալ տվեց, որ այլևս ոչինչ անել չի ցանկանում և հանձնվում է, փորձեցինք պարզել ԱԱԾ պետի նախկին տեղակալ Գուրգեն Եղիազարյանից:
ԼՈւՐԵՐ.com-ի հետ զրույցում, անդրադառնալով վերը նշված դիտարկմանը, պարոն Եղիազարյանն ասաց. «Ես վաղուց գիտեի, որ Սերժ Սարգսյանը դեռ փոշմանելու է իր արածների համար: Ի տարբերություն իրեն՝ Գագիկ Ծառուկյանը վայելում է ժողովրդի սերն ու հարգանքը:
Սերժ Սարգսյանն ունի հիշաչարության գերադրական աստիճան, և հիմա չեմ կարողանում հասկանալ, թե նա ինչի՞ է ընդունակ: Սպասենք, երբ կրքերը հանդարտվեն, հետո կտեսնենք Սերժ Սարգսյանի իրական դեմքը»,-նշեց Գուրգեն Եղիազարյանը՝ հավելելով, որ Սերժ Սարգսյանն այս պահին չի կարող ոչինչ անել, քանի որ նրա աթոռը լրջագույն վտանգի տակ է դրված, բայց նրա իրական մտադրությունները հասկանալու համար պետք է սպասել ընտրությունների ավարտին:
Աղավնի Սուքիասյան