«Ադրբեջանցիները չեն խորշում խոջալեցի փախստականներին ներկայացնել ամենուր, նրանց տեսանկյունը ներկայացնել, իսկ մեզ մոտ փախստականի կարգավիճակ ունեցող անձը հանրապետությունից դուրս որևէ միջոցառման մասնակցելու և պահանջները ներկայացնելու հնարավորություն չի ունեցել: Առայժմ հնարավորություն չունենք անգամ ամենակարևոր հարցերի համար դուրս գալ երկրից: Հայկական Սփյուռքը երբ կազմակերպում է միջոցառումներ, ուրախ ենք, որ իրականացվում են, բայց ցավոք գոնե նրանք պետք է մեզ հրավիրեն ներկա գտնվել, որպես այդ իրադարձությունների տուժող, բայց դրանք կազմակերպվում են առանձին-առանձին, ոչ համակարգված: Մինչդեռ միջազգային հարթակներում մեր՝ տուժողների ձայնը կարող է լինել ազդեցիկ»,- «Հ2» հեռուստաընկերության «Խոսքի իրավունք» հաղորդման եթերում ասել է «Ադրբեջանի հայկական ասամբլեա» կազմակերպության ղեկավար Գրիգորի Այվազյանը:
Փաստելով, որ Ադրբեջանը հերյուրանք է տարածում Խոջալուում տեղի ունեցածի վերաբերյալ՝ Այվազյանն ասել է, որ ստին չպետք է պատասխանել լռությամբ: Լռելու ժանանակը ընդմիշտ վերջացել է, պետք է խոսենք և ճչանք ճշմարտության մասին և միայն այդպես կհաղթահարենք ստի քարոզչությանը: Նրա խոսքերով, երբ լռում ենք, մտածում են, թե ասելիք չունենք: «100 տոկոսով գիտեմ, որ Խոջալուի ջարդերում հայկական հետք չկա, և այն ու Սումագայիթը համեմատելը հանցագործություն է»,- ասել է նա և հավելել. «Եթե մենք իմանայինք, որ հայերը վրեժ են լուծել Խոջալուում, ուրախ կլինեինք: Դա Ադրբեջանցիների կողմից է եղել՝ նախագահին վնաս հասցնելու համար»:
Գրիգորի Այվազյանի խոսքերով՝ ինչպես 25 տարի առաջ, այնպես էլ հիմա՝ մենք մեր ցավի հետ միայնակ ենք: Նա նշել է, որ ժամանակն է, որ Ադրբեջանը վճարի փախստականների նյութական, բարոյական վնասների համար: