Իրանի ԱԳ նախարար Ջավադ Զարիֆը ծայրահեղականների համար նվեր է համարել Դոնալդ Թրամփի հրամանագիրը՝ մուսուլմանական յոթ երկրների ներկայացուցիչների ԱՄՆ մուտքի ժամանակավոր արգելքի մասին։«Մուսուլմանների մուտքի արգելքը պատմության մեջ կգրվի որպես մեծ նվեր ծայրահեղականներին և նրանց, ովքեր սատարում է»,- գրել է դիվանագետը «Թվիթեր»-ի իր մկրոբլոգում։
Ինչպես հաղորդում է «Ինտերֆաքս»-ը, նա նշել է, որ «կոլեկտիվ խտրականությունը նպաստում է ահաբեկիչների կողմից նոր անդամների հավաքագրմանը», որոնք օգտագործում են տարաձայնություններն իրենց շարքերն ընդլայնելու համար։
Իր հերթին Եմենի հոուշի-ապստամբների ներկայացուցիչը հայտարարություն է տարածել, որով նույնպես քննադատել է մուսուլմանների նկատմամբ Թրամփի որոշումը։ «Եմենի բոլոր քաղաքացիներին որպես ահաբեկչության և ծայրահեղականության աղբյուր բնութագրելու բոլոր փորձերն անօրինական են»,- ասվում է հայտարարության մեջ։
ԱՄՆ-ում Բրուկլինի դաշնային դատավորը անօրինական է ճանաչել 11 քաղաքացիների ձերբակալումն այն երկրներից, որտեղի քաղաքացիների մուտքն ԱՄՆ 90 օրով արգելվել է։ Նրա որոշման համաձայն՝ ԱՄՆ սահմանային իշխանություններին արգելվել է երկրից արտաքսել ԱՄՆ-ի հյուպատոսությունների օրինական վիզաներով մուտք գործած անձանց։
ԱՄՆ մուտքի արգելքը վերաբերում է յոթ պետությունների Իրանի, Իրաքի, Սիրիայի, Սուդանի, Լիբիայի, Սոմալիի և Եմենի քաղաքացիներին: