Այն, ինչ կատարվում է «Սթար» խանութների ցանցի հետ, երկրում մրցակցության բացակայության արդյունք է: Նման գնահատական «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում տվեց տնտեսագետ, ՀԱԿ ներկայացուցիչ Վահագն Խաչատրյանը՝ մեկնաբանելով ստեղծված իրավիճակը, երբ տևական ժամանակ է խոսվում է «Սթարի» սնանկացման մասին, իսկ խանութներում այժմ թարմ մթերք գտնելը գրեթե անհնար է, շատ վաճառադարակներ պարզապես դատարկ են:
«Սթարն» արդեն երկար ժամանակ չի կարողանում վճարել մատակարարներին, իսկ նախկինում նույնիսկ քարտ էր տալիս, որ աշխատակիցները դրանով գնումներ կատարեին խանութներից՝ պարտքի փոխարեն:
Ըստ Վ. Խաչատրյանի՝ «Սթարի» ներկայիս ղեկավարությունն ամեն դեպքում չի ուզում հրաժարվել իր ծրագրերից և փորձում է փրկել համակարգը, բայց հաջողության չի հասնում. «Դրա համար մի տարբերակ կա, որ իշխանության հետ կապ ունեցող մի օլիգարխ գնի: Հայաստանում բիզնես կարելի է անել միայն այն դեպքում, եթե հատուկ հարաբերություններ ունեն վերին իշխանության հետ»:
Վ. Խաչատրյանը շեշտեց, որ այս իրավիճակը՝ մրցակցության բացակայությունը, ՀՀ տնտեսության բոլոր բնագավառներում է, և առաջանում է մի փուչիկ, որը վաղ թե ուշ պայթելու է: