Դատելով հայկական ԶԼՄ-ների վերջին հրապարակումներից, մամուլում տեղ գտած տեղեկություններից, Հայաստանի դոմինանտ կուսակցությունում ընթացող պրոցեսները բավական հետաքրքրական երանգներ են սկսել ձեռք բերել հատկապես վերջին շրջանում: Ու ընտրությունների մոտեցմանը զուգահեռ՝ է՛լ ավելի է հաստատվում նախկինում հնչած այն տեսակետը, որ այս ընտրություններն էապես տարբերվելու են բոլոր նախորդներից:
Տարբերությունը, սակայն, կայանալու է ոչ թե որակական կամ բովանդակային հարթությունում, այլ' մեթոդաբանական, քանի որ այն համակարգը, որ փորձարկվելու է առաջիկայում, բավական «խուճուճ» ու ոչ միանշանակ արձագանքների է արժանացել ոչ միայն հասարակության, այլև նույնիսկ ամեն ինչից սեփական քաղաքական օգուտը կորզելուն սովոր «Հանրապետական» կուսակցության շրջանում. ռեյտինգային ընտրակարգն իսկական պատուհաս է դարձել այս կուսակցության շատ անդամների, այդ թվում և հասարակությանը հայտնի դեմքերի գլխին, ու սրանք, միաբանվելու ու հարազատ կուսակցության օգտին աշխատելու փոխարեն, սկսել են իրար ուտել:
Այսպես՝ պարզվում է՝ տարաձայնություններ են առաջացել գրեթե բոլոր այն հանրապատականների միջև, ովքեր ստիպված են լինելու առաջիկայում առաջադրվել ոչ թե կուսակցության համամասնական ցուցակով, այլ՝ տեղերում՝ ռեյտինգային ընտրակարգով: Ու հիմա իրար միս են ուտում՝ ով որտեղ ու ինչ կերպ է առաջադրվելու, ում հետ է ոտք մեկնելու, ում դեմ է կենտրոնացնելու ձեռքի տակ եղած ֆինանսական միջոցները և այլն: Այս ամենի հետ կապված՝ անպակաս են դարձել կոնկրետ դժգոհությունները, որոնք արդյունք են առաջիկայում սպասվող անզիջում պայքարի: Այս ամենի վկայությունն են, օրինակ՝ նույն Գեղարքունիքում մարզպետ Ռաֆֆի Գրիգորյանի դեմ հասունացած յուրատեսակ բունտը՝ կապված նրա կողմից բացառապես սեփական մտերիմներին ռեյտինգային ցուցակ մտցնելու հետ:
Խիստ լարվել են հարաբերությունները նաև Շիրակի մարզում սեփական թեկնածությունն առաջադրել ցանկացողների միջև, որոնց թվում են այնպիսի հայտնի հանրապետականներ, ինչպիսիք են, ասենք, Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանը, նախագահի վերահսկողական ծառայության պետ Ֆելիքս Ցոլակյանը, իշխանամետ Մարտուն Գրիգորյանը, Արման Սահակյանը, Սուքիաս Ավետիսյանը, Աշոտ Աղաբաբյանը, Մուշեղ Պետոյանը և այլոք: բավական լարված իրավիճակ է ստեղծվել նաև Տարոն Մարգարյան-Միհրան Պողոսյան հարաբերություններում. չնայած նախօրոք ձեռք բերված պայմանավորվածություններին՝ Միհրան Պողոսյանն, այնուամենայնիվ, որոշել է Ավանում ձեռնոց նետել Մարգարյանին: Կարճ ասած' թացն ու չորն իրար խառնվել, ու հիմա մարդ եմ ասել, որ այս ամենից գլուխ հանի:
Եթե փորձենք օբյեկտիվորեն մոտենալ ստեղծված իրավիճակին ու հասկանալ նոր Ընտրական օրենսգրքի մատուցած, երևի թե, գլխավոր անակնկալի՝ ռեյտինգային ընտրակարգի բուն էությունն ու նպատակն, ապա ստիպված ենք լինելու ամրագրել այն, որ ջունգլիական օրենքների հաստատման բուն նպատակը մեկն է' անզիջում պայքարի արդյունում պարզել «լավագույնին», իսկ պարտվածներին էլ ցույց տալ իրենց արժանի տեղը. արդյունքում՝ կշահի «Հանրապետական» կուսակցությունը՝ քիչ շանսեր թողնելով մրցակից քաղաքական ուժերին, իսկ բարձրագույն ղեկավարությունն էլ իր ուսերից հեշտորեն կթոթափի պատասխանատվության ծանր լուծը. բոլորի համար, գոնե առերևույթ, ստեղծված են հավասար մեկնարկային պայմաններ, ուստի՝ միակ տարբերակն՝ ապացուցելու ղեկավարությանը սեփական պիտանելությունը, ռեյտինգի ձգտող հանրապետականների համար՝ ժողովրդի «աչքը մտնելն է լինելու»:
Իսկ թե ինչպես, դա արդեն իրենց խնդիրն է. դատելով, սակայն, Հայաստանում անցկացվող ընտրությունների առանձնահատկություններից, հաստատապես արդեն իսկ կարող ենք ասել, որ ինքնահաստատվելու համար գործի է դրվելու բացառապես ընտրակաշառքի տեխնոլոգիան. քիչ հանրապետականներ կարող են պարծենալ իրենց ժողովրդականությամբ: Հետևաբար` այս ընտրություններին, ինչպես երբևէ, կարևոր դեր է խաղալու փողի գործոնը, ու, որ հանրապետականը շատ փող բաժանի, նա էլ կարժանանա գլխավոր պարգևին՝ ղեկավարության գովեստին. ժլատները ՀՀԿ-ում անելիք չունեն…
Դավիթ ԲԱԲԱՆՈՎ