Որքան ավելի են մոտենում խորհրդարանական ընտրությունները, այնքան սրվում են ներքաղաքական՝ առանց այդ էլ հակասություններով լի գործընթացները: Այս ամենն առաջին հերթին վերաբերում է իշխող «Հանրապետական» կուսակցությանը, որը կարծես թե լուրջ և համակարգային խորության չափում ունեցող խնդիրների առջև է կանգնել: Այս օրերին ականատես ենք լինում, թե ինչպես ՀՀԿ ակունքներում կանգնած գործիչները մեկը մյուսի հետևից լքում են հարազատ կուսակցությունը, անգամ քննադատական խոսքեր հնչեցնում վաղեմի թիմակիցների հասցեին:

Սերժ Սարգսյանը հունվարի 26-ին ՀՀԿ խորհրդի իր ելույթում նշում էր, թե որևէ մեկին չի գնահատում անձնական տեսանկյունից և ամեն ինչ կախված է ընդհանուր խնդիրներից և աշխատանքի արդյունավետությունից, իսկ ավելորդ արտոնյալության հավակնություն չպետք է ունենա ոչ ոք: Հետևաբար, ստացվում է, որ կուսակցությունը լքած գործիչները կամ արտոնությունների հավակնություններ են ունեցել և չեն ստացել, իսկ դա շատ կասկածելի վարկած է, հաշվի առնելով կուսակցությունը մինչ օրս լքած գործիչների անցած ուղին, կամ՝ նրանց աշխատանքի արդյունավետությունը չի բավարարել ՀՀԿ վերնախավին, ինչը դժվար թե իրականությանը համապատասխանի՝ հաշվի առնելով ՀՀԿ աշխատանքի «արդյունավետությունը»՝ ընդհանրապես:

Որոշ «վայ» վերլուծաբաններ այս օրերին համառորեն փորձում են շահարկել այն գաղափարը, որ ՀՀԿ-ից դուրս եկած գործիչները հատուկ առաքելություն ունեն, այն է ՝ ընտրություններից առաջ ուժեղացնել կամ թուլացնել այս կամ այն դաշինքը: Նման վարկածը չի դիմանում որևէ քննադատության՝ իր տակ չունենալով որևէ տրամաբանական հիմք: Խնդիրն այն է, որ նախագահ Սարգսյանը ներկայում սկսել է այսպես կոչված՝ սերնդափոխության մի գործընթաց՝ բարեփոխումների անվան տակ, որի նպատակը, սակայն, իրականում ոչ թե համակարգային բարեփոխումներն են, այլ 2018-ից հետո իշխանությունը պահպանելու խնդիրը:

Սարգսյանից «նեղացածերի» շարքը հենց այդ ներքին բարեփոխումների արդյունքն է, որոշ գործիչների՝ «նորացվող» ՀՀԿ-ում իրենց տեղն ու դերը չունենալու հետևանքը, ինչն էլ իր հերթին հանգեցրել է նման արտահոսքի: Անշուշտ, այս իրավիճակը չի կարող ազդել այլ ուժերի դիրքերի վրա: Ստեղծված պայմաններում իրեն վտանգում է միայն ու միայն իշխող քաղաքական ուժը: Իսկ ո՞րն է այս արտահոսքի իրական պատճառը: Պատճառը, թերևս, մեկ օրում չէ, որ ի հայտ է եկել, այլ տարիների ընթացքում՝ աննկատ մնալով ՀՀԿ վերնախավի հայացքից: Պատճառը ներկուսակցական հիերարխիայի խախտումն ու կուսակցական ժողովրդավարության բացակայությունն է: Այդ երկու գործոններն են, որ ՀՀԿ–ին այսօր կանգնեցրել են փաստի առաջ. ընտրություններից առաջ կուսակցությունը, փաստացի, քաղաքականապես թևաթափ է լինում:

Եվ այս պարագայում խոսել, որ ՀՀԿ-ն խաղարկում է այլ դաշինքները յուրայիններով համալրելու բարդ պարտիան, որ նմանօրինակ պրոյեկտներ է ստեղծում՝ պարզապես անհիմն է և իրականությունից չափազանց հեռու, քանզի ՀՀԿ «գլուխը» այժմ այլ բարդ խնդիրների լուծումով է զբաղված, դրանց թվին կարելի է դասել՝ կուսակցության գահավիժող վարկանիշը փրկելը և այդ նույն արտահոսքը ՀՀԿ-ին հատուկ մեթոդներով կանխելը: Հակառակ պարագայում՝ ՀՀԿ-ն կարող է պառակտվել մինչև ընտրությունները՝ հաշվի առնելով ներիշխանական հակասությունների թնջուկը, որը որևէ կերպ չի հաջողվում քանդել: ՀՀԿ-ից կարող են հավաստիացնել, որ արտահոսք չկա, խոսել փոխաբերություններով և գեղարվեստական մտքի գոհարներ շռայլել, սակայն հանրության համար արդեն իսկ պարզ է, թե ինչու է աղմկում ՀՀԿ գետը….

Ստելլա ԽԱՉԱՏՐՅԱՆ