Հասարակությունը դեռ չէր հասցրել ըստ արժանվույն գնահատել գործող կառավարության աշխատանքը, այժմ էլ նոր զարգացումներ են սպասվում Կարեն Կարապետյանի կաբինետում: Ըստ որոշ տեղեկությունների՝ վարչապետը կրկին դիմելու է կադրային մահակի օգնությանը՝ իր թիմի աշխատանքը քիչ թե շատ արդյունավետ դարձնելու նպատակով: Նման միտում արդեն իսկ կա, սակայն՝ դեռևս փոխնախարարների մակարդակով: Մասնավորապես՝ Հովհաննես Ազիզյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարի տեղակալ։

Թերևս սա այն նախարարությունն է, որն իր վրա է ընդունում քննադատությունների ամենամեծ չափաբաժինը, քանի որ անգամ խոշորացույցի տակ զննելով, հասարակությունը դժվարանում է նշմարել տնտեսական զարգացում, առավել ևս՝ ներդրումներ: Ողջ խնդիրը կայանում է նրանում, որ սեպտեմբերին, երբ ՀՀ կառավարության կազմը ձեւավորելիս վարչապետ Կարեն Կարապետյանը նախարարներ էր նշանակում, պաշտոնյաների ընտրությունը երկու ձևով մեկնաբանվեց. կա՛մ նշանակվողներն իր թիմակիցներն էին, կա՛մ մարդիկ, որոնցից լավն այդ պահին վարչապետը չէր հասցրել գտնել:

Ինչ փոխվեց այժմ. կարծես թե նախարարներից և ոչ մեկը ճամբարը չի փոխել, ավելին՝ ՀՀԿ-ականների դիրքը Կարապետյանի կաբինետում էլ ավելի է ամրագրվել՝ ի դեմս մշակույթի նախարարի, ով, հիշելով քաղաքական պատասխանատվության ծանր բեռի մասին, որոշում կայացրեց անդամագրվել ՀՀԿ-ին: Եթե սեպտեմբերին Կարեն Կարապետյանը կաբինետ է ձևավորել ըստ երկրորդ սկզբունքի, այն է՝ օգտագործելով այդ պահին ձեռքի տակ եղած՝ ըստ իրեն՝ լավագույն կադրերը, ապա ստացվում է, որ այսօր «լավից լավն է» հայտնվել և Կարապետյանն ուղղում է իր իսկ ընդունած հապճեպ քաղաքական որոշման սխալները:

Թերևս վարչապետի նշաձողը չափից դուրս բարձր էր կառավարության որոշ անդամների համար՝ դա է պատճառներից մեկը, որ այսօր Կարապետյանը կրկին պատրաստվում է գնալ կադրային փոփոխության: Պատճառներից մյուսը վարչապետի կադրային քաղաքականության ձախողումն է, ինչը, կարծես թե, ընդունվում է նաև իր կողմից:

Ընտրություններից ամիսներ առաջ կառավարության կազմ փոխելը կարող է ունենալ մեկ այլ ենթատեքստ ևս. ՀՀԿ-ն անշուշտ ձգտում է ամրապնդել իր դիրքերը քաղաքական դաշտում՝ հաշվի առնելով ներկուսակցական հակասությունների սրումը: Այս պարագայում՝ Կարապետյանը ջանում է ապահովագրել իրեն և կուսակցությանը՝ կառավարության կազմը համալրելով վաղեմի թրծված հանրապետականներով: Մինչ վարչապետը փոփոխություններ է նախատեսում գերատեսչությունների ղեկավարների շրջանում, մենք ականատես ենք լինում Կարեն Կարապետյանի կադրային հերթական ձախողումներին, որոնք շտկելու համար առաջնահերթ՝ անհրաժեշտ է մարդկային կապիտալ, գիտելիքի արժևորում, և եթե կառավարությունը խոսում է գիտելիքահենք տնտեսությունից, ապա պետք է ապահովի գիտելիքահենք կառավարում ևս…


Ստելլա ԽԱՉԱՏՐՅԱՆ