Վարչապետի պաշտոնում նշանակվելուց մինչ օրս Կարեն Կարապետյանի փիառը եւ կերպարը կառուցվել է փոփոխությունների սպասման, նորի ու առաջադեմի վրա: Շատերը անգամ չէին բացառում, որ համակարգային փոփոխությունների շրջանակներում կադրային ջարդ իրականացվի: Ինչ խոսք, Կարեն Կարապետյանը մենեջերական եռանդով միանգամից լծվեց այդ գործին: Սակայն այն, որ մի շարք պաշտոններից ազատվել են որոշ օդիոզ կերպարներ, եկել «անբիծ կենսագրությամբ» նոր կառավարիչներ դեռ բնավ էլ կադրային ջարդ չի հիշեցնում: Այս ընթացքում կառավարության արձանագրած «հաջողությունները» կարծես վկայում են այն մասին, որ Հովիկ Աբրահամյանի վատ կադրերը պարզապես փոխարինվել են Կարեն Կարապետյանի վատ կադրերով:

Թե′ վարչապետը, թե′ նրա կերպարի վրա աշխատողները հասկանում էին, որ ավելորդ հույսերն ու սպասումները ի վերջո հարվածելու են վարչապետին, այդ պատճառով նրանք բազմիցս ակնարկել են, որ ոչ միայն 100 օրվա, այլեւ առաջիկա 6 ամսվա կտրվածքով չպետք է սպասել էական փոփոխություններ, որ այդ ժամանակաշրջանը հետագա ծրագրերի համար նախադրյալներ ստեղծելու փուլն է: 

Այս առումով, ի՞նչ ունի ներկայացնելու Կարեն Կարապետյանը, անհաջող կադրային փոփոխություններից բացի: Թերևս` ոչինչ: Բիզնեսի համար մի շարք պարզեցումներ մաքսային կտրվածքով, կարմիր գծերի ու արագաչափերի «պետականացում»: Մյուս կողմից, պետական կառավարման ու միջոցների օպտիմալացումն առայժմ կատարվում է հանրության հաշվին: Կրճատվել են աշխատատեղեր պետական համակարգում: Ընդունվել է հարկային օրենսգիրքը, որը եկամտային հարկի մասով լրացուցիչ բեռ է դարձել աշխատողների զգալի մասի վրա: «1000 դրամի նախագիծը» փաստացի նոր հարկատեսակ է, որը նույնպես գանձվելու է աշխատողներից: Այսինքն, «հավելյալ արժեքը», որի մասին խոսում էր վարչապետը, առայժմ վեր է ածվել «հավելյալ փողի հավաքագրման», որը գանձվելու է հանրությունից: Փոխարենը, Ապօրինի հարստացման քրեականացման նոր օրենքով երաշխիքներ ու սեփականության «լեգիտիմացում» է ապահովվում իշխող տնտեսա-քաղաքական համակարգի համար: Այսինքն, այս սեգմենտը, որը տնօրինել է ազգային բարիքն ու բյուջեն, չի վճարելու «համակարգային փոփոխությունների» համար: Սրանք կարապետյանական նորանշանակ կադրերի գործունեության մի քանի դրվագներն են, որոնք ցույց են տալիս, թե ինչ ուղղությամբ են ընթանալու «համակարգային փոփոխությունները»: Դա գործող համակարգի տրանսֆորմացիան է նոր իրավիճակում, որի համար վճարելու է հանրությունը: Իրական համակարգային փոփոխությունների համար անհրաժեշտ է լիովին այլ տրամաբանություն թե ներքին, թե արտաքին քաղաքականության ոլորտում:

Դրանք ոչ միայն չեն կատարվում, այլեւ չկա որեւէ նախադրյալ, որը կհուշեր, որ ապագայում արվելու են: Ավելին, երբ մինչեւ ընտրություն 6 ամիսը հայտարարվում է սպասման ժամանակաշրջան, դա նշանակում է, որ հանրությանը փորձում են հետ պահել կոնկրետ հարցադրումներից: Իրականում, հանրային-պետական կյանքում իրական համակարգային փոփոխությունների ժամանակը հենց այս 6 ամիսներն են, մինչեւ ընտրություն: Իսկ ընտրությունից հետո հաստատվելու է իշխող համակարգի նոր ստատուս-քվոն առաջիկա հնարավոր տասնամյակի համար:

Ասել, որ բոլոր նոր նախարարները «հալած յուղի պես» տիրապետում են իրենց ոլորտներին, ինչպես դա ակնկալում էր Կարեն Կարապետյանը՝ ոչ մի կերպ չի կարելի. նրանք մասնավոր սեկտորից արհեսականորեն բերված կադրեր էին, որոնց` կառավարություն մուտքն ընդամենը մեկ խնդիր էր լուծելու Կարապետյանի համար. սեփական PR-ի խնդիր էր լուծվում, իսկ թե ինչ կլիներ ինքնահաստատման արդյունքում, ոչ ոքի չէր հուզում: Եթե փոփոխություններն ու հաջողությունները տեսանելի չեղան, կպարտվի ե՛ւ նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանը, ե՛ւ իշխող կուսակցությունը՝ ընտրություններին ընդառաջ: Կադրային տեղափոխություններով խնդիրները չեն լուծվում, լուրջ անելիքներ կան...

 Ստելլա Խաչատրյան