Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ քննարկում է «Բնակարանային հիփոթեքային կրեդիտավորման մասին» ՀՀ օրենքի նախագիծը: Հարակից զեկուցող, Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի ներկայացուցիչ Գագիկ Մելիքյանին հարց տվեց ՀՀԿ-ական պատգամավոր Ռուզաննա Մուրադյանը, ով հարցի սկզբում մի լավ գովաբանեց նախագիծը՝ նկատելով, որ այս օրենսդրական նախաձեռնությունը լավ պայմաններ է ստեղծում հիփոթեքային վարկերից օգտվելու համար, բայց և անհրաժեշտություն տեսավ լրացուցիչ արտոնություններ սահմանելու երիտասարդ ընտանիքների համար:
Պատգամավորը տվեց նաև խնդրի լուծման իր տարբերակը՝ մեծացնել վարկի մարման ժամկետը՝ ավելի, քան 12 տարին և պակասեցնել տոկոսադրույքները, ավելի ճկուն մեխանիզմ մշակել՝ ուշացումների դեպքում տույժ-տուգանքների մասով:
Գագիկ Մելիքյանն էլ պատասխանեց, որ այդ ուղղությամբ բավականին լուրջ աշխատանք են տանում թե՛ ԿԲ-ն, և թե՛ մասնավոր բանկերը: Պատգամավորը գիտեր նաև երիտասարդ ընտանիքների, ովքեր օգտվում են արտոնությունից և անտոկոս հիփոթեքային վարկերից:
Գագիկ Մելիքյանն էլի մի քանի բան ասաց իրենց նպատակների մասին, հարցադրման հեղինակ Ռուզաննա Մուրադյանին էլ իր պատասխաններով բավարարեց, ինչը չվրիպեց փոխխոսնակ Էդուրադ Շարմազանովի աչքից. «Շնորհակալություն, պարոն Մելիքյան, այնպես խոսեցիք՝ նույնիսկ ընդդիմության առաջնորդը ոգևորվեց»:
Նկատենք նաև, որ ընդդիմությունից այդ պահին դահլիճում էր միան ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը, ով պատրաստվում էր իր ելույթին: