Տարբեր տրամաչափի չինովնիկներից, թերևս, հաճախ կարելի է լսել «բյուջեում փող չկա» արտահայտությունը: Նման կերպ են փորձում բացատրել անուշադրության մատնված գրեթե բոլոր այն խնդիրներներն ու թերությունները, որ բնորոշ են ժամանակակից Հայաստանին: Երբ փորձում ես անաչառ հայացք նետել երկրում կուտակված խնդիրներին՝ համոզվելու՝ արդյո՞ք բերված պատճառաբանությունը բավարար չափով օբյեկտիվ է, թե՝ ոչ, հասկանում ես, որ շատ դեպքերում, իրապես, փողի խնդիրն իրեն զգացնել է տալիս՝ անկախ չինովնիկների կամքից:

Այն, որ մեր երկրի հնարավորությունները միշտ էլ սուղ են եղել, իսկ բյուջետային միջոցներն էլ երբեք աչքի չեն ընկել իրենց անհունությամբ, նորություն չէ. Հայաստանի մշտական գերխնդիրներից ամենագլխավորը, թերևս, փողի պակասն է եղել: Իհարկե, ասել, թե սույն խնդիրը բացառապես սուբյեկտիվ բնույթ է կրում, ու բյուջեում փող չլինելը կարելի է բացատրել բացառապես կոռուպցիոն մեխանիզմների առկայությամբ, սխալ կլիներ, բայց այն, որ պետական միջոցների արդյունավետ օգտագործման խնդիր Հայաստանում կա ու եղել է միշտ, ոչ ոք հերքել չի կարող:

Պետական միջոցների մսխման մի յուրատեսակ միջոց էլ մեզանում դարձել է պետական գնումների գործընթացը: Բավական է, ասենք, աչքի տակով անցկացնել պետական գերատեսչությունների կողմից ամեն տարի կատարվող պետական գնումներին վերաբերող տվյալները, ու անմիջապես պարզ է դառնում, թե ինչպես են բոլորիս աչքի առաջ հօդս ցնդում հարկատուներիս հաշվին ձևավորվող պետական միջոցները:

Մասնավորապես՝ պարզվում է՝ շքեղության նկատմամբ անբացատրելի հակում ունեն հատկապես ՀՀ կրթության և գիտության նախարարության «Կրթության ազգային ինստիտուտ» ՓԲԸ-ում: Սույն կառույցի կողմից հրապարակվել է ընթացիկ տարվա գնումների պլանը, որից, օրինակ, պարզ է դառնում, որ, ասենք, մեկ աթոռ գնելու համար կառույցը նախատեսում է պետական միջոցներից ծախսել 600000 դրամ, իսկ ահա բենզինն էլ գնելու են բացառապես պրեմիում տեսակի ու այն էլ՝ լիտրը 400 դրամով: Մի խոսքով՝ օլիգարխիկ կենսակերպ...

Իհարկե, ասել, թե սույն փակ բաժնետիրական ընկերությունն ամենից շռայլն է մեր պետական կառույցների ցանկում, ոչ մի կերպ չի կարելի, քանի որ քիչ չեն այնպիսի օրինակները, որոնք, բացի զարհուրանքից, ուրիշ այլ զգացողություն չեն կարող առաջացնել շարքային քաղաքացու մոտ: Այստեղ, սակայն, մեկ այլ խնդիր է՝ մտածողության, մտածելակերպի, որն, ըստ էության, շատ պաշտոնյաներ ժառանգել են դեռևս խորհրդային ժամանակներից. չմոռանանք, որ մի շարք վերլուծաբաններ, որպես ԽՍՀՄ փլուզման հիմնական պատճառ, մատնանշում էին նաև այդ երկրում պետական միջոցների համատարած թալանը, չարդարացված գերծախսը. դատելով վերոհիշյալ կառույցում արմատացած բարքերից՝ այստեղ դեռևս խորհրդային իներցիայով են առաջնորդվում:

Հարց է ծագում՝ տեսնես Լևոն Մկրտչյանը տեղյա՞կ է սույն ՓԲԸ-ում իշխող տրամաբանությունից, գիտի՞ արդյոք, որ մինչ Կրթության և գիտության նախարարությունում փորձում են, ասենք, ամեն կերպ կրկնօրինակել արևմտյան մոդելի կրթական որոշ համակարգեր, այդ ընթացքում իրենց «քթի տակ» տեղի է ունենում պետական միջոցների փաստացի մսխում: Եթե Նորայր Ղուկասյանը նստի ոչ թե 600000-անոց աթոռին, այլ՝ ասենք, 150000-անոցին, դրանից նա ֆիզիոլոգիապես կտուժի՞, իհա՛րկե ոչ: Եվ ուրեմն՝ ինչո՞վ է բացատրվում է նման շքեղությունը մի երկրում, ուր չքավորության այսքան բարձր մակարդակ կա, իսկ աղքատությունն էլ, ոչ պաշտոնական տվյալներով, գերազանցում է 50%-ը…

Դավիթ ԲԱԲԱՆՈՎ