Կառավարությունը գնումների մասին օրենքում կատարեց փոխություն, որի նպատակն է հավասար պայմաններ ստեղծել գնումների գործընթացում մասնակից տնտեսվարողների համար։ Գործադիրի նիստում ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը նշեց, որ փոփոխությամբ մինչև 70 միլիոն գնումների դեպքում ԵՏՄ արտադրության ապրանքների մատակարարման դեպքում այլևս չի կիրառվի մինչև 15 տոկոս գնային նախապատվությունը (մինչ այս նախապատվություն էր տրվում ԵՏՄ արտադրանքին, եթե դրանք անգամ 15 տոկոսով թանկ էին): «Գնային նախապատվությունը հանելը ճիշտ մոտեցում է մի քանի փաստարկներով: Ամբողջ աշխարհի փորձը փաստում է, որ գնային նախապատվություն տալը ճիշտ գործիք չէ, այդպիսով տեղական արտադրությունը հնարավոր չի լինի խթանել»,- ասաց Արամյանը:

 

Պետք է հաշվի առնել նաև այն իրավիճակը, որ ՀՀ-ն ԵՏՄ անդամ երկիր է և ԵՏՄ պայմանական պարտավորություններն այնպիսին են, որ հնարավոր չէ բացառապես ընտրել տեղական արտադրողին: «Այդ 15 տոկոսից պետք է օգտվեն նաև բելառուսական, ղազախական, ղրղզական արտադրողները», - ասաց Վարդան Արամյանը։ Ֆինանսների նախարարի խոսքով՝ խնդիրներից մեկն էլ այն էր, որ այդ արտոնությունը բարդություն էր ստեղծում տնտեսվարողների համար, տնտեսվարողը պետք է հիմնավորի, թե տվյալ ապրանքը որ երկրում է արտադրվել: