ԼՈւՐԵՐ.com ահազանգած քաղաքացին պատմեց, որ ինչ-որ մարդիկ փորձել են, խաղալով իր զգացմունքների հետ, գումարներ կորզել:
Քաղաքացին պատմեց, որ իր որդին ծառայում է հայոց բանակում: Օրեր առաջ իրենց տուն է եկել մոտ 60 տարեկան մի կին և ներկայացել իր որդու զորամասի սննդի կետի աշխատող: Նա շատ լավ տեղեկացված է եղել իրենց ընտանիքի անձնական տվյալների մասին. իմացել է տան անդամների անունները, աշխատավայրերի հասցեները, ծառայող որդու ծառայության վայրի մասին ունեցել է հստակ ինֆորմացիա:
Կինը զինվորի մորը խաբել է՝ ասելով, թե իրենց հետ բերել են նաև նրա որդուն՝ մասնակցելու զինակցի հոր թաղման արարողությանը, և այս պահին ինչ-ինչ խնդիրների համար՝ որոշակի գումար է անհրաժեշտ:
Կինը խոստացել է նաև գումարը տալու դեպքում ծառայող տղային անպայման տուն բերել, թեպետ՝ կարճ ժամանակով:
Տանտիրուհին զգալով, որ հնարավոր է՝ խաբում են իրեն, չի տվել գումարը:
Հենց այդ ընթացքում որդին զանգահարել է: Պարզվել է, որ նա գտնվում է զորամասում և այդ կնոջն էլ չի ճանաչում:
Զինծառայողի մայրն ասաց, որ արդեն դիմել են ոստիկանություն, բայց ուզում են՝ լրատվամիջոցներով նույնպես տարածվի, քանի որ իրենց տեղեկություններով՝ նման դեպքեր եղել են նաև Նորագավիթում, Աբովյանում, Մասիվում. «Շատերի հետ է նման դեպք եղել և նրանք նկարագրում են նաև այդ կնոջը: Չեմ կարող ասել՝ հենց այդ կինն է եղել, թե ոչ, բայց երևի թե խումբ է, որի անդամները շատ լավ տեղեկացվում են ու սկսում գործել»,- անհանգստացած ասաց մեզ դիմած քաղաքացին:
Նկատենք նաև, որ նմանատիպ խնդրով մեր լրատվամիջոցին դիմողներ՝ էլի են եղել:
Ըստ տեղեկությունների՝ դեպքեր են եղել, երբ զինվորների ծնողներից ծանրոցներ են վերցրել, իբր, նրանց տղաներին հանձնելու համար, սակայն, ինչպես հետո է պարզվել, դա խաբեություն է եղել: Տղաները փաստել են, որ իրենք ոչ մեկի չեն ուղարկել՝ իրենց որևէ բան փոխանցելու համար:
Ըստ երևույթին, գործ ունենք գումարներ վաստակելու աշխատող միջոց գտած հանցավոր խմբի հետ:
Սոնա Հարությունյան