Ինչպես արդեն տեղեկացրել ենք, «Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարան»-ի ՊՈԱԿ-ներում 36 մլն դրամի հափշտակություն է բացահայտվել:

ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության դատախազի կողմից հարուցվել է քրեական գործ՝ հանցագործության հատկանիշներով:

Կատարվածի վերաբերյալ ԼՈւՐԵՐ.com-ի թղթակիցը օրեր շարունակ փորձում էր կապ հաստատել Վ. Բրյուսովի անվան համալսարանի ռեկտոր Գայանե Գասպարյանի հետ, թեև մեծ դժվարությամբ, բայց ի վերջո հաջողվեց հանդիպել նրան:

Մեզ հետ զրույցում ռեկտորը նշեց, որ դատախազության կողմից քրեական գործ հարուցելու մասին տեղեկացել է հեռուստատեսությամբ. «Մինչ այս, նախարարության կողմից աուդիտ էր անցկացվել համալսարանում, որի ավարտից հետո, նախարարությունը արդյունքները ներկայացրել էր դատախազություն: Հունվարի 9-ին եկան դատախազությունից, մենք տվեցինք համապատասխան փաստաթղթերը: Դրանից հետո մեզ ոչինչ չեն ասել և 3 օր առաջ իմանում ենք, որ քրեական գործ են հարուցվել»:

Մեր զրուցակցի խոսքով՝ որևէ մեկնաբանություն չեն ստացել, թե ինչի հիման վրա է հարուցվել քրեական գործը:

Մեզ հետ զրույցում ռեկտորը նշեց, որ դեռևս 2 տարի առաջ, երբ գույքագրման արդյունքում նկատել են պահեստի պակասուրդ, իրենք չեն թաքցրել և դիմել են ֆինանսների նախարարություն: Նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին նախարարության պլանային աուդիտորական խմբի կողմից ուսումնասիրության արդյունքում արձանագրվել է պակասուրդ. «Եթե մենք ունենք պակասուրդ և այն փակված չէ, տարեցտարի այն շարունակում է ավելանալ»:

Թեև տիկին Գասպարյանը չի ուզում մեղքը գցել որևէ մեկի վրա, սակայն չի բացառում՝ կարող է և մինչ իր պաշտոնավարումն է եղել պակասուրդ (նշենք, որ Գայանե Գսպարյանը Վ. Բրյուսովի անվան համալսարանի ռեկտոր է նշանակվել 2012 թ. հուլիսին, մինչ այդ ռեկտորի պաշտոնը զբաղեցնում էր Սուրեն Զոլյանը, իսկ այս խախտումները սկսել են նկատվել 2014-ին)

Ի՞նչ է մինչ այդ գույքագրման արդյունքներում որևէ պակասուրդ չէի՞ն նկատել,- ռեկտորը նշեց՝ հավելելով, որ  պարզապես շատ բան չի ուզում բացահայտել: 

Նրա հավաստմամբ ՊՈԱԿ-ին պատկանող տպարանում և Ծաղկաձորի հանգստյան տան ահռելի գումարների պակասուրդը հնուց է եկել. «Նախկինում, նույնիսկ իմ օրոք,  երբ արվել է գույքագրումը, չէր կարող այդ պակասուրդը չլիներ...»,- խոսքը կիսատ թողնելով՝ հավելեց. «պարզապես չեմ ուզում շատ բան բարձրաձայնել»:

Հետաքրքրվեցինք, գուցե որևէ մեկի՞ն է կասկածում, սակայն մեր պնդմանն ի պատասխան, ռեկտորը խնդրեց անուններ չհարցնել՝ միևնույն է, չի նշելու:

Նա ասաց, որ կոլեկտիվում կային մարդիկ, ովքեր իրավական օրինաչափություններից դուրս քայլեր են արել և այլևս ազատված են աշխատանքից. «Պահեստի պակասուրդի բացահայտումից հետո, անվստահության հոդվածով աշխատանքից ազատեցի պահեստապետին»:  

Գասպարյանն այս ամենի մեջ տեսնում է իր անվան հետ խաղալու միտում. «Երբ ես ընտրվեցի ռեկտոր, ասացի՝ ես բոլոր ոլորտներից գաղափար ունեմ, բացի ֆինանսներից: Ինձ ասացին դուք ունեք ֆինանսիստներ, ովքեր այդ աշխատանքը կկատարեն: Սակայն, բանից դուրս եկավ, որ մեր ֆինանսիստներն այնպես աշխատեցին, որ մենք կանգնեցինք մեծ ճեղքվածքի առջև»:  

Գայանե Գասպարյանն եզրափակելով խոսքն ասաց, որ քրեական գործի քննության արդյունքում ամեն բան կբացահայտվի և անուններ կլսենք:

Հիշեցնենք՝ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության դատախազի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով և երկու դրվագ՝ 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, որի նախաքննության կատարումը հանձնարարվել է ՀՀ քննչական կոմիտեին:

Նշենք՝ ուսումնասիրությամբ ի հայտ են բերվել նաև պետական միջոցների տնօրինման այլ խնդրահարույց փաստեր, որոնք պատշաճ ստուգման կենթարկվեն հարուցված քրեական գործի շրջանակներում:

Սոնա Հարությունյան