Արմավիրի մարզի Սարդարապատ գյուղում այսօր դժբախտ դեպք է տեղի ունեցել: Դաշտում հայտնաբերվել է նույն համայնքի երկու բնակչի դի:  ԼՈւՐԵՐ.com-ի հետ զրույցում համայնքի ղեկավար Բաբկեն Վարդանյանը մանրամասներ ներկայացրեց կատարվածից: Նրա փոխանցմամբ՝ կինն ու տղամարդը, նախնական տեղեկություններով, ծխախեղդ են եղել: 

Գյուղապետը նշեց, որ նրանք ամուսիններ չեն, պարզապես նույն համայնքի բնակիչներ են: «Իրենք իրենց սեփականաշնորհած հողատարածքում են եղել, երևի փայտը թաց է եղել, թե ինչ, չգիտեմ... Հերձման պատասխանը դեռ հայտնի չէ: Բայց խոսակցություններ կան, որ վառարանի ծխից են խեղդվել»,- ասաց գյուղապետը:

Նրա փոխանցմամբ՝ մահացած կինն էլ, տղամարդն էլ առանձին ընտանիքներ ունեին, իրար հետ բիզնես էին անում. «Ընտանեկան բիզնես էին ստեղծել: Հնդկահավ էին պահում: Դաշտում էլ տան պես հարմարություն ունեին, ամառը բացօթյա է, իսկ ձմեռը՝ դոմիկ, կացարան: Երևի որոշել էին ինչ-որ ձևով այնտեղ մնալ, վառարանի ծխից խեղդվել են»: 

Նշենք, որ, ըստ ոստիկանության, մահացած տղամարդը 1964 թվականին ծնված Ա.Ն-ն է, իսկ կինը՝ 1972 թվականին ծնված՝ Ք.Մ.-ն: 

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, կատարվում է քննություն: