ԼՈւՐԵՐ.com-ը տեղեկացրել է, որ երեկ ողբերգական դեպք է տեղի ունեցել Ալավերդի քաղաքում. 4 տարեկան Ռոբերտ Դալլաքյանը փախել է մանկապարտեզից և ընկել Դեբեդ գետը: 

 

ՀՀ քննչական կոմիտեի փոխանցմամբ՝ նախնական տվյալներով՝ փետրվարի 14-ին, ժամը 09։30-ի սահմաններում դաստիարակչուհին ներկա-բացակա է արել, որին փոքրիկը ներկա է եղել, իսկ ստուգելու գործողությունն ավարտելուց հետո նկատել է, որ նա բացակայում է։ Ըստ դաստիարակչուհու՝ այդ մասին հեռախոսազանգով տեղեկացրել է երեխայի մորը։

 

Փոքրիկի դին հայտնաբերել է նրա պապը՝ նրան որոնելիս, նախադպրոցական ուսումնական հաստատությանը կից հոսող Դեբեդ գետում՝ բերանքսիվայր ջրում ընկած վիճակում, ոտքերով դեպի ափամերձ մասը և անմիջապես տեղափոխել Ալավերդու բժշկական կետրոն: 

 

ԼՈւՐԵՐ.com-ի հետ զրույցում Ալավերդու քաղաքապետարանից տեղեկացրին, որ քաղաքապետի որոշմամբ՝ մանկապարտեզի տնօրեն Ռուզաննա Ավետյանը և դաստիարակը աշխատանքից կազատվեն, իսկ մանկապարտեզը որոշ ժամանակով կդադարեցնի գործունեությունը: Ի դեպ՝ երեխան երկրորդ օրն էր՝ ինչ այցելում էր մանկապարտեզ:

 

Կատարվել է դեպքի վայրի զննություն, նշանակվել դատաբժշկական փորձաքննություն: ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ 2013թ. ծնված երեխայի մահվան հանգամանքները պարզելու համար։