«Այն ամբողջ դժգոհությունները, որոնք առկա են մեր երկրում, պետք է վերացնել` դրանք սնող պատճառները վերացնելով: Համակարգային արատները պահպանվել են. մեր երկրում մարդիկ են փոխվել, բայց նոր որակ չի ձևավորվել»,- այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Արմեն Ռոստամյանը: Վերջինս իր խոսքում նշեց որ ՀՅԴ-ն այս տարիների ընթացքում ամեն ինչ արել է նոր որակ ստանալու և իշխանությունների գործելաոճը միջազգային չափանիշներին համապատասխանեցնելու ուղղությամբ: Ըստ Ռուստամյանի՝ ՀՀ-ում խնդիրները կապված են նաև այն հանգամանքի հետ, որ իշխանությունը կրողը պետք է լինի համապատասխան այդ նպատակին և պետք է անշրջելի մնա իրեն վստահված գործընթացում:
Լրագրողների հետ հանդիպման ընթացքում Աղվան Վարդանյանը հայտնեց, որ ՀՅԴ-ն ունի 13 շտաբ, իսկ Երևանում շտաբի պետն ինքն է՝ հավելելով, որ մարզային տարածքային կառույցները ղեկավարող ՀՅԴ-ականները շատ հայտնի են տվյալ մարզերում: Վարդանյանի պնդմամբ՝ իրենց ցուցակներում չկան օդիոզ դեմքեր, իսկ իրենք գնում են ընտրությունների՝ սեփական ամբիցիաները մի կողմ դրած:
Խոսելով ՀՅԴ-ի վերաբերյալ հանրային դժգոհությունների մասին՝ Աղվան Վարդանյանը նշեց, որ անհերքելի է այդ դժգոհության առկայությունը, բայց կարող է փաստել, որ և՛ իշխանության թիմում, և՛ այդ թիմից դուրս՝ իրենց գաղափարներն ու նպատակները չեն փոխվել, ուստի իրենց մեղադրել պետք չէ:
Հարցին՝ որ նախկինում Արծվիկ Մինասյանը հաճախակի էր խոսում երկրում թալանի առկյության մասին, իսկ նախարար դառնալուց հետո այդ մասին չի բարձրաձայնում՝ Աղվան Վարդանյանը նշեց, որ պետք է կառչել բառերից, իսկ թալանի դեմ՝ ինչպես նախկինում, այնպես էլ հիմա՝ պայքարում են հստակ քայլերով: