«Զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքը սահմանում է, որ մեկից ավելի աշխատանքային պայմանագիր ունեցող անձանց յուրաքանչյուր աշխատավարձից  1000 դրամ պետք է գանձվի: Նման կարգավիճակ ունեցող անձինք, սակայն, իրավունք ունեն յուրաքանչյուր տարվա առաջին երկու ամսվա ընթացքում դիմում ներկայացնել Հիմնադրամ՝ նախորդ տարվա ընթացքում իրենց վճարած գումարները վերադարձնելու պահանջով:

Լուսանկարիչ Լուսի Սարգսյանը միաժամանակ աշխատում է երկու գործատուի մոտ: «Զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքով պահանջվող 1000 դրամը նրանից գանձվում է և՛ առաջին, և՛ երկրորդ աշխատատեղից: Գումարների հետ վերադարձման կարգի մասին նրա հարցմանը Կենտրոնական բանկից պատասխանել են՝ 2017 թ.-ի դեկտեմբերին կարող է դիմում ներկայացնել և գումարն ամբողջովին կամ մասնակի՝ հետ ստանալ:

«Եթե իմանամ, որ այդ գումարը իրոք հասնելու է զինվորի ընտանիքին, կամովին կարող եմ տրամադրել, բայց նման վստահություն չունեմ: Ստացվում է, որ գումարներն ամբողջ տարվա մեջ շրջանառվելու են, եկամուտ ապահովելու: Ոչինչ կարգավորված չէ»,- դժգոհում է Լուսին:

ԼՈւՐԵՐ.com-ի հարցմանը, թե ի՞նչ խնդիր է կարգավորում գործընթացի նման կերպ կազմակերպումը և հնարավոր չէ՞ դիմումը նախքան գումարի գանձումը ներկայացնել և այնուհետև ստիպված չլինել ավել վճարած գումարը ստանալու համար այս ու այն կողմ ընկնել, Կենտրոնական բանկից պատասխանեցին.

«Վերադարձման դեպքերը կապված են նույն հոդվածներում նշված որոշակի փաստերի առկայության հետ, և այդ փաստերը կարող են փոփոխվել յուրաքանչյուր ամիս: Արդյունքում՝ անհրաժեշտություն կառաջանա յուրաքանչյուր ամիս կատարել նախկինում վճարված և վերադարձված դրոշմանիշային վճարների գումարների վերահաշվարկներ և հաշվանցներ, ինչը կարող է բարդացնել և ձգձգել վերադարձման գործընթացը:

Վերը նշված պատճառով՝ անհրաժեշտ էր սահմանել որոշակի ողջամիտ ժամանակահատված, որի ավարտից հետո կարող է ստեղծվել միջինացված պատկեր այն մասին, թե այդ ժամանակահատվածի որ ամիսներին էին առկա վերադարձման հիմք հանդիսացող փաստերը և վերադարձման ենթակա գումարի չափը: Որպես ողջամիտ ժամկետ՝ օրենքով սահմանված է մեկ տարին:

Ինչ վերաբերում է վերադարձման գործընթացն այլ կերպ կազմակերպելու Ձեր հարցադրմանը, ապա' վերը շարադրվածի լույսի ներքո, օրենսդիրն օրենքով սահմանել է վերադարձման գործընթացի' ներկա իրավիճակում առավել արդյունավետ տարբերակը»: