Այսօր հրավիրված ասուլիսին ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանն ասել է, որ ցանկանում է ընդգրկվել «Ելք»-ի դաշինքի կազմում: Սակայն, քիչ առաջ «Ելք» դաշինքը հայտարարություն տարածեց, ըստ որի՝ մերժեց ԱԻՄ նախագահության ուղերձը: 

Այս առիթով մեկնաբանություն ստանալու համար, ԼՈւՐԵՐ.com-ի թղթակիցը կապ հաստատեց Պարույր Հայրիկյանի հետ: Մեզ հետ զրույցում ԱԻՄ առաջնորդն ասաց. «Թումանյանի «Ախմախ մարդու» հեքիաթը կարդացեք, բոլոր պատասխանները կստանաք: Դա հո մե՞զ պետք չէր, ավելի շատ իրենց էր պետք: Մենք փորձել էինք օգտակար լինել երկուստեք և մեր ժողովրդին: Եթե իրենք համարում են, որ կես ժամվա ընթացքում լուծելիք հարցի համար մեկ օրը հերիք չէ, ուրեմն՝ կմաղթեմ, որ աշխատել սովորեն»: 

«Ելք»-ի հայտարարության մեջ մասնավորապես նշվում է.

«Այսօր ԱԻՄ նախագահությունը ուղերձ է հղել «ԵԼՔ» դաշինքին՝ ցանկություն հայտնելով ընդգրկվել դաշինքի կազմում: Հաշվի առնելով ժամանակի սղությունը պայմանավորված այն հանգամանքով, որ 2017 թվականի փետրվարի 16-ը սահմանված է որպես վերջնաժամկետ Կենտրոնական ընտրական հանձնաժողով ցուցակների ներկայացման համար, գոյություն ունեն մի շարք տեխնիկական խոչընդոտներ, որոնք անհնար են դարձնում դաշինքային փոխհարաբերությունների ձևավորումը և դաշինքի կազմում նոր ուժի ընդգրկումը: Այսուհանդերձ, մենք պատրաստակամ ենք եղել ԵԼՔ դաշինքի կազմում ռեյտինգային ընտրակարգով ներառել ԱԻՄ ներկայացուցիչներին, որի մասին կատարել ենք առաջարկ, ինչը մերժվել է: Հաշվի առնելով վերոգրյալը՝ համագործակցության առաջարկը համարում ենք տեխնիկապես անհնար և ժամանակավրեպ»:

Սոնա Հարությունյան