Փետրվարի 15-ին ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-գնդապետ Վլադիմիր Գասպարյանը աշխատանքային խորհրդակցություն անցկացրեց ոստիկանության Արարատի մարզային վարչության ու ենթակա ստորաբաժանումների ղեկավարների մասնակցությամբ:

Խորհրդակցությանը մասնակցում էր Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանը:

Վլադիմիր Գասպարյանը վերլուծելով մարզի ոստիկանության աշխատանքի արդյունքները, ընդգծեց այն գլխավոր սկզբունքները, որոնց իրագործման դեպքում կապահովվի արդյունավետ իրավապահ գործունեություն:

Վլադիմիր Գասպարյանն անդրադարձավ ոստիկանի աշխատանքի առաջնահերթություններին՝ օրենքի առաջ բոլորի հավասարության սկզբունքի պահպանում, մասնագիտական բարձր որակների ապահովում, անձնակազմի բարոյահոգեբանական մթնոլորտի ամրապնդում:

Ոստիկանության պետը կրկին հիշեցրեց, որ ոստիկանության հանդեպ հանրային վստահության ամրապնդումը հնարավոր է միայն արժանապատիվ ու պրոֆեսիոնալ ծառայությամբ, օրենքով վերապահված ոստիկանական իրավասությունների լիակատար իրագործումով:

Վլադիմիր Գասպարյանը առանձնացրեց նաև ոստիկանության դերը, խնդիրներն ու գործառույթները առաջիկա համապետական ընտրությունների ընթացքում:

Ոստիկանության պետը կարևորեց հատկապես ընտրացուցակները վերջնական տեսքի բերելու խնդիրը և պահանջեց անհապաղ սկսել աշխատանքն այդ ուղղությամբ:

Ծառայության ընթացքում ծագող խնդիրների ու դրանց լուծման ուղիների մանրամասն և առարկայական քննարկումից հետո Վլադիմիր Գասպարյանը համապատասխան ցուցումներ ու հանձնարարականներ տվեց խորհրդակցության մասնակիցներին: