Օրերս Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատրանում տեղի ունեցավ «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի սնանկության գործով կառավարչի նշանակած Պարտատերերի առաջին ժողովը, որի ժամանակ ձևավորվեց պարտատերերի խորհուրդ, որում ընդգրկվեցին հինգ խոշոր պարտատերերը՝ ՀՀ Ֆինանսների նախարարությունը (մոտ 11 մլրդ դրամ), Կառավարությանն առընթեր Պետեկամուտների կոմիտեն (10 մլրդ), «Գազպրոմ Ամենիա»-ն, «Երևանի ՋԷԿ» ՓԲԸ-ն (22 մլրդ 822 մլն) և «Նաիրիտ 2» ՓԲԸ-ն (6մլրդ):
Սնանկության կառավարիչ Կարեն Ասատրյանը հայտարարեց, որ «Նաիրիտ» գործարանում ներկայում ընթանում են գույքագրման աշխատանքներ, ձևավորվել է հանձնաժողով, գործարանը գնում է լուծարման:
«EU-Asia Business Finance Center Holding-ը հոկտեմբերին, հանդիպելով ՀՀ նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանի հետ և ունենալով հստակ պայմանավորվածություններ Հայաստանում խոշոր ներդրումային ծրագրեր իրականացնելու շուրջ, կատարել էր իր բոլոր պայմանավորվածությունները։ Տարբեր ոլորտներում ներդրումային ծրագրեր իրականացնելու շուրջ, որպես առաջին փորձաքար, հոլդինգը նախատեսել էր Հայաստանի քիմիական արդյունաբերության վերաթողարկումը՝ ի դեմ «Նաիրիտ» քիմիական գործարանի։
Հոլդինգը ներկայացրել էր հիանալի պատրաստված ներդրումային առաջարկը՝ մոտ 150 մլն եվրոյի շրջանակներում, այնուամենայնիվ, հայտարարվեց տենդեր։ Մրցույթը տեղի ունեցավ հունվարի 20-ին, սակայն մինչ այսօր ՀՀ կառավարությունից Հոլդինգի ղեկավարությունը պատասխան չի ստացել։
Անպատասխան է մնացել նաև նաիրիտցիների և կուսակցությունների առաջարկ-նամակը՝ ուղղված վարչապետ Կարեն Կարապետյանին՝ հանձնարարել համապատասխան նախարարությանը՝ բանակցել «ՀԷՑ» ՓԲԸ-ի բաժնետիրոջ և «ՀԷՑ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրենի հետ՝ «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի պարտավորությունների մարումը 6 ամսով հետաձգելու և ժամանակացույց կազմելու հարցով:
Այս երկու հարցերի պատասխանները մնացել են օդում կախված: Կառավարությունը՝ ի դեմս վարչապետ Կարապետյանի, առաջարկ-նամակը ուղարկել էր Էներգետիկայի նախարարություն, որտեղից էլ այն ուղարկվել էր գործարանի սնանկության գործով կառավարիչ Կարեն Ասատրյանին:
ԼՈՒՐԵՐ.com-ը կապ հաստատեց վերջինիս հետ՝ հասկանալու, ինչ ժամկետներում են նամակին պատասխանելու: Սակայն, Ասատրյանը կտրականապես հրաժարվեց որևէ հստակ պատասխան տալ: Նա նշեց, որ Կառավարությունից նամակն ուղարկվել է իրեն և նա այն ընդունել է որպես ի գիտություն, ուրիշ ոչինչ: «Հասցեատերը ե՞ս եմ: Իմ անունով նամակ չեն ուղարկել: Ես ոչ մի պարտավորություն չունեմ այդ նամակին պատասխանելու: Ես ինչ իմանամ, ինչու են Կառավարությունից կամ նախարարությունից այն ուղարկել ինձ: Ես դա ընդունել եմ որպես ի գիտություն, ուրիշ ոչինչ: Ես կարող եմ գնահատականներ տալ միայն սնանկության գործով, ուրիշ այլ հարցերով՝ ոչ: Դա սնանկության վարույթին չի վերաբերում»,- ասաց նա:
Իսկ «EU-Asia Business Finance Center Holding»-ի հայտի մասով ևս Ասատրյանը շեշտեց՝ իր անունով որևէ նամակ, հայտ չի ուղարկվել: «Այդ ամենն ինձ ներկայացվել է որպես ի գիտություն: Մենք սնանկության վարույթին չվերաբերող հարցեր չենք քննարկում: Այդ հարցերին պատասխանելու ոչ մի բան չունեմ: Այդ հարցերում ես չեմ առնչվում: Ես չգիտեմ, ով կապ ունի դրանց հետ: Երբ Աշոտ Գրիգորյանը, օրենքով սահմանված կարգով, կներկայացնի սնանկության վարույթին վերաբերող որևէ հայտարարություն, հետևաբար ես որպես սնանկության կառավարիչ կներկայացնեմ իմ դիրքորոշումը»,- հայտարարեց Կարեն Ասատրյանը:
Նաիրիտցիները հետևություն են անում, որ Կարեն Կարպետյանը ամեն ինչ անում է Տիգրան Սարգսյանի կատարած հանցագործության հետքերն ու «Նաիրիտ»-ի թալանը կոծկելու ուղղությամբ: Այդ պատճառով էլ ընտրել է նման գործելաոճ:
Նաիրիտցիներին մնում է միայն հույս դնել վարչապետին ուղղված նամակը ստորագրած կուսակցությունների հետևողականության և «Նաիրիտ»-ի հարցի լուծման պատասխանը Կարեն Կարապետյանից պահանջելու հարցում:
Նկատենք, որ «Նաիրիտ»-ում, օգտվելով կառավարության և իրավապահ մարմինների լռությունից, արդեն մի քանի օր է սկսել են աշխատավարձի վճարումը կատարելու անվան տակ գործարանի հետագա աշխատանքի համար անհրաժեշտ սարքավորումների վերածումը թափոնների: Չմոռանանք, որ հայտարարված մրցույթի երկրորդ փուլում նախատեսված էր ներդնող ընկերությանը հնարավորություն ընձեռել գործարանի իրավիճակի հետ ծանոթանալ և ներդրման ծրագիր ներկայացնել: Պարզից էլ պարզ է, եթե սնանկության կառավարիչը կարողանա արագ կարգով, համապատասխան մարմինների թողտվության պայմաններում, իրականացնել «Նաիրիտ»-ի սարքավորումների վերածումը թափոնի, ապա ոչ մի ներդնող էլ ամայի տարածքում չի համաձայնվի որևէ ներդրում կատարել: Ինչպես տեղեկացնում են «Նաիրիտ»-ի համակարգող խումբի ներկայացուցիչները նրանք լինելու են հետևողական և իրենց պայքարը չեն դադարեցնելու:
Քրիստինա Աղալարյան