Հայաստանում՝ նախընտրական այս շրջանում, երբ թեժանում են քննարկումները, թե հատկապես ո՞րն է ճիշտ ուղին՝ 21-րդ դարում մրցունակ պետություն կառուցելու ու հեռանկարային տնտեսություն ունենալու, հնչող տեսակետների ու կարծիքների պակաս կարծես առանձնապես չի զգացվում: Չնայած բազմակարծությանը՝ պետք է նկատել, որ հիմնական տեսլականը կամ գերիշխող պատկերացումը, որ տարածված է այսօր Հայաստանում, հատկապես՝ հասարակության շրջանում, տնտեսության զարգացման այն մոդելն է, որը բնորոշ է եղել Խորհրդարյին Հայաստանին: Այս համակարգում, ինչպես հայտնի է, զարգացած տնտեսության հիմնական չափանիշ համարվում էր գործարանների ու ֆաբրիկաների առատությունը. երկրում կար արտադրություն, կային աշխատատեղեր, ծաղկում էր ծանր ու թեթև արդյունաբերությունն, իսկ ստացվող արտադրանքի սպառման շուկայի խնդիր էլ առհասարակ գոյություն չուներ:

Ժամանակները փոխվեցին, ու կապիտալիստական հասարակարգին անցմանը զուգահեռ Հայաստանի առջև ծառացած խնդիրները ոչ միայն տասնապատկվեցին կամ հարյուրապատկվեցին, այլև, որ չափազանց կարևոր է, տնտեսավարման համընդհանուր տրամաբանությունը փոխվեց. կապիտալիստական տնտեսավարման մոդելի պարագայում՝ որպես տնտեսության քարշակ ուժ հանդես է գալիս ոչ այնքան գործարանը, որքան անհատ ձեռներեցը: Ասել կուզի՝ տնտեսությունը զարգացնողի դերում ոչ թե գործարաններն են, այլ մարդիկ՝ տվյալ երկրի քաղաքացիներն, ովքեր սեփական ձեռներեցությամբ ու նախաձեռնողականությամբ գալիս են բառացիորեն մարդկային դեմք հաղորդելու տնտեսությանը:

Ի՞նչ կատարվեց մեզ մոտ՝ Հայաստանում: Կատարվեց հետևյալը՝ գործարանները փակվեցին, արտադրությունն երկրում կանգ առավ, բայց դրան զուգահեռ այդպես էլ անհատ ձեռներեցությունը թափ չստացավ ու մնաց «թրթուռային» մակարդակի: Ու հիմա, չնայած, հայերը ողջ աշխարհում, աշխարհի գերզարգացած երկրներում տաղանդավոր գործարարների ու ստեղծող, արարող մարդկանց բարի համբավ ունեն, բայց, արի ու տես, որ սեփական հայրենիքում այդ ստեղծագործական ջիղը մենք այդպես էլ չենք կարողանում ինչպես հարկն է զարգացնել, վերածել այն նյութական բարիքի. Հայաստանը, հակառակ բոլոր օրենքների, դարձել է բիզնեսի համար ամենաանհրապույր երկրներից մեկը, նույնիսկ՝ սեփական քաղաքացիների համար:

Անկեղծ լինենք ու խոստովանենք, որ 21-րդ դարի աշխարհում, ուր տեխնոլոգիաների զարգացումը կայծակնային արագությամբ է տեղի ունենում, Հայաստանը երբեք չի կարող դառնալ արտադրական այնպիսի կենտրոններից մեկը, որը կարող է գլոբալիզացված աշխարհում այս կամ այն ապրանքատեսակի բացառիկ մատակարար հանդիսանալ, ինչպես խորհրդային ժամանակներում էր, երբ մի շարք արտադրատեսակներ ողջ ԽՍՀՄ-ում արտադրվում էին բացառապես Հայաստանում: Հիմա աշխարհում լիդերներն ուրիշ են, ուրիշներն են եղանակ ստեղծում: Հետևաբար՝ միակ ելքը՝ տնտեսությունը լճացած վիճակից դուրս բերելու, մնում է պետության կողմից բիզնեսի խրախուսումը, հարկային ճիշտ քաղաքականությունը, երբ ՓՄՁ-ները ոչ թե քերթվում են, այլ դրանց տրվում է հնարավորություն՝ զարգանալու, շնչելու: Միայն այսկերպ է հնարավոր՝ զարկ տալ Հայաստանի տնտեսության զարգացմանը. հայը պետք է ի վիճակի լինի սեփական նախաձեռնողականությամբ, սեփական ձեռքերով կառուցելու իր իսկ հայրենիքը, քանի որ ոչ ոք մեր փոխարեն դա անել չի պատրաստվում ու պարտավոր էլ չէ:

Քանի դեռ Հայաստանում բիզնեսով զբաղվելը, եթե դու թափով ծանոթ չունես, խնդիր է, քանի դեռ հավասար պայմաններ չկան դաշտում, հուսալ, թե մեկ կամ երկու գործարան կամ ֆաբրիկա վերագործարկելով եղանակ կփոխվի, ուտոպիա է. աշխատատեղեր պետք է ստեղծեն իրենք՝ քաղաքացիները՝ դառնալով գործատու իրենք իրենց համար, այլ՝ ոչ թե հակառակը:

Դավիթ ԲԱԲԱՆՈՎ