Երեկ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Մյունխենի Անվտանգության գագաթաժողովում հայտարարել է, որ Հայաստանի դեմ պատժամիջոցներ չեն կիրառվում և անհրաժեշտ է վերացնել այդ երկակի ստանդարտները։

 

Քաղաքական գիտությունների թեկնածու, դոցենտ Հայկ Սուքիասյանը ԼՈւՐԵՐ.com-ի հետ զրույցում անդրադառնալով Ալիևի՝ վերը նշված հայտարարությանը, նշեց. «Պատժամիջոցներ կարող են և պետք է կիրառվեն Ադրբեջանի գաղութարար պետության նկատմամբ, եթե Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունները փոխեն բանակցային գործընթացնի նկատմամբ իրենց անհասկանալի վերաբերմունքը և վարքագիծը»:

 

Թե ինչ է անհրաժեշտ, որպեսզի Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության ԱԳՆ-ները փոխեն բանակցային գործընթացնի նկատմամբ իրենց անհասկանալի վերաբերմունքը, քաղաքագետը պատասխանեց.

 

«Առաջին՝ Հայաստանի Հանրապետությունը պետք է դուրս գա բանակցային գործընթացից, որտեղ ՀՀ ներկայությունն ընդհանրապես անհասկանալի է: Կոնֆլիկտն արհեստականորեն դարձրել են Հայաստան–Ադրբեջան կոնֆլիկտ, ջրիկացրել են ու բազարներ են սարքել դրա շուրջ: Դե, իսկ արտաքին գիշատիչներին էլ դա ձեռնտու է: ՀՀ-ը պարզապես Արցախի անվտանգությունը երաշխավորող պետություն է և վերջ: Կոնֆլիկտը բացառապես Արցախի և Ադրբեջանի միջև է:


Երկրորդ՝ բանակցային գործընթաց պետք է մտնի Արցախի Հանրապետությունը և հանդես գա ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 1960 թ. դեկտեմբերի 14-ի՝ «Գաղութացված ժողովուրդներին ազատություն և անկախություն տրամադրելու» բանաձևի հիման վրա, որի համաձայն՝ ոչ միայն կապահովվի Արցախի անվտանգության և անկախության հարցը, այլև այդ նույն բանաձևով պատժամիջոցներ կսահմանվեն հենց մետրոպոլ պետության՝ Ադրբեջանի նկատմամաբ: Այս մասին խոսվել է Լևոն Շիրինյանի կողմից, ես պարզապես հիշեցնում եմ: Այստեղ կա մեկ կարևոր հանգամանք. Արցախն այդ բանաձևով ոչ թե անկախություն է խնդրում, այլ դրա հիմքի վրա պահանջում է հարգել իր անկախության իրավունքը՝ գաղութարար պետությունից: Իսկ Ադրբեջանի ընդդիմանալու դեպքում՝ այս բանաձևով պատժամիջոցներ կկիրառվեն հենց Ադրբեջանի նկատմամբ»:


Հայկ Սուքիասյանի համոզմամբ՝ պետք է պատժամիջոցներ կիրառել հենց Ադրբեջանի նախագահի նկատմամբ՝ հաշվի առնելով Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ նրանց վերջին գործարքը. «Իսկ ընդհանրապես, ես առաջարկում եմ Ադրբեջանի նախագահի նկատմամբ պատժամիջոցներ կիրառել Բելառուսի նախագահի հետ մարդավաճառությամբ, թրաֆիկինգով զբաղվելու, այլ պետություններից մարդ գողանալու համար (խոսքը Լապշինի արտահանձնման մասին է, որը, ըստ էության, մարդագողություն է): Սա միջազգայիհն հանցագործություն է, և այս անձանց նկատմամբ միջազգային սանկցիաներ պետք է կիրառվեն:


Իսկ ՀՀ և ԱՀ արտաքին գործերի նախարարություններին առաջարկում եմ անատամ քաղաքականությունից անցնել գործուն, նախաձեռնողական և ագրեսիվ քաղաքականության»:


Աղավնի Սուքիասյան