«Կայարանցի Թևոսիկի» եղբոր՝ Արթուր Սաֆարյանի սպանությունը պատվիրելու, այնուհետև սպանության ենթադրյալ կատարողին սպանելու մեջ մեղադրվող Իսրայել Սարգսյանն արդեն 10 օր է՝ հացադուլի մեջ է:

 

ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի վարչության պետ Գոռ Ղլեչյանը ԼՈւՐԵՐ-com-ի թղթակցին տեղեկացրեց, որ կալանավորի առողջական վիճակը բավարար է գնահատվում:

 

Գոռ Ղլեչյանը նշեց նաև, որ կալանավորը բողոքում է քրեական գործից: 

 

Հիշեցնենք, որ Իսրայել Սարգսյանը կալանավորվել էր 2014թ հունվարի 27-ին՝ Արամի նրբանցքի 5/ա շենքի բակում թաղային հեղինակություն համարվող «Կայարանցի Թևոսիկի» եղբոր՝ Արթուր Սաֆարյանի սպանության առիթով հարուցված քրեական գործի շրջանակներում:

 

Իսրայել Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա «կազմակերպել և օժանդակել է Մովսես Ներսիսյանի կողմից Արթուր Սաֆարյանի սպանության կատարմանը, ապա այդ հանցանքը թաքցնելու նպատակով` ապօրինաբար, դիտավորությամբ զրկել է կյանքից Մովսես Ներսիսյանին, բացի այդ՝ ապօրինի ձեռք է բերել և կրել է հրազեն հանդիսացող «ՏԿ» մոդելի ատրճանակ ու ռազմամթերք հանդիսացող՝ 3 հատ 5.6 մմ տրամաչափի փամփուշտներ, նաև ապօրինի ձեռք է բերել ու իր փաստացի բնակության վայր՝ ք. Երևան Կոմիտասի պող. 27/1 շենքի բն. 7 հասցեին հարող տարածքում գտնվող ավտոտնակում առկա երկաթյա պահարանում պահել ռազմամթերք հանդիսացող՝ նպատակային օգտագործման համար պիտանի, գործարանային արտադրության «ԷԴՊ» տեսակի էլեկտրական թով 4 հատ ճայթիչներ և նետողական պայթուցիկ նյութերի շարքին դասվող՝ գործարանային արտադրության դեղնաշագանակագույն և շագանակագույն գլանաձև արկային վառոդի՝ թվով 5 հատ հատիկներ»:

 

Սոնա Հարությունյան