Արցախն այլևս նոր Սահմանադրություն ունի: Փետրվարի 20-ին տեղի ունեցած հանրաքվեի արդյունքներով՝ սահմանադրական հանրաքվեին այո է ասել ընտրողների մեծամասնությունը՝ 87, 6 տոկոսը, ոչ՝ ընտրողների 9,7 տոկոսը:
Նախնական տվյալներով՝ ընտրելու իրավունք ունեցող 103.793 քաղաքացուց քվեարակությանը մասնակցել է 79.428-ը, «այո»-ի կողմնակից է եղել 69.540 ընտրող, իսկ «ոչ»-ի՝ 7686: Անվավեր քվեաթերթիկների թիվը կազմել է 2202, կամ՝ քվեաթերթիկների 2,8 տոկոսը:
Թեմայի շուրջ ԼՈւՐԵՐ.com-ը զրուցեց քաղաքական գործիչ, դիվանագետ, ԼՂՀ արտաքին գործերի նախկին նախարար Արման Մելիքյանի հետ:
-Պարոն Մելիքյան, ինչպե՞ս եք գնահատում Արցախում տեղի ունեցած սահմանադրական հանրաքվեն:
-Քվեարկության հրապարակված արդյունքները սպասելի էին և հատուկ մեկնաբանության կարիք չունեն:
-Այն մեկ քայլ առա՞ջ էր ըստ Ձեզ, թե՞ հակառակը:
-Քայլն արված է. Արցախի նախագահի պաշտոնը զբաղեցնող անձը հետայսու հսկայական լիազորություններ է ունենալու և միայն ժամանակը ցույց կտա, թե այդ արված քայլը դեպի որ բարձրունքը կամ անդունդն է գործնականում տանելու:
-Արցախի միջազգային ճանաչման գործում նոր Սահմանադրությունն ի՞նչ դերակատարում կարող է ունենալ:
-Արցախի միջազգային ճանաչումն ապահովելու համար այս նոր Սահմանադրությունը դժվար թե որևէ դրական դեր կատարելու հատուկ ներուժ ձեռք բերի: Անգամ այն, որ մինչ այժմ պետության ԼՂՀ և Արցախ հավասարազոր կերպով գործածվող անվանումներն այս նոր փաստաթղթում փոխատեղվեցին ու նախկինում երկրորդը հանդիսացող անվանումն այժմ առաջինն է հիշատակվում՝ ճանաչման տեսանկյունից դեր չի խաղալու: Արցախի ճանաչման նպատակով հատուկ քաղաքական ծրագիր պետք է գործի դրվի, բայց հենց սա է, որ գործող հայկական իշխանությունները զլանում են անել:
-Ի՞նչ ցույց տրվեց միջազգային հանրությանը՝ այս սահմանադրական հանրաքվեով:
-Միջազգային հանրությանը ցույց տրվեց գործող վարչակազմի կողմից օրենսդրական ճանապարհով գործադիր իշխանությունը մեկ անձի ձեռքում կենտրոնացնելու հաջողված փորձ:
-Նոր Սահմանադրությամբ Արցախը կկարողանա՞ դիմակայել մարտահրավերներին:
-Արտաքին մարտահրավերներին ոչ թե Սահմանադրության միջոցով են դիմակայում, այլ մանրակրկտորեն մշակված արդյունավետ ու հեռատես ներքին և արտաքին քաղաքականության միջոցով: Անշուշտ, այդ համատեքստում իր անուրանալի դերն ունի նաև բանակը: Լավ է, երբ կա Սահմանադրություն ու բանակ, բայց այդ Սահմանադրությունն ու բանակը ոչինչ են, երբ չկա քաղաքականություն վարելու ցանկություն և կարողունակություն:
-Եթե ուսումնասիրել եք փոփոխված Սահմանադրությունը, ի՞նչ ռիսկեր է այն իր մեջ պարունակում:
-Գործադիր իշխանության գերկենտրոնացումը սովորաբար հղի է ժողովրդավարության նահանջով և տնտեսական ազատ մրցակցության բացառմամբ:
-Կարծիք կա, որ խորհրդարանական կառավարման համակարգն ավելի արդյունավետ կլիներ Արցախի դեպքում: Դո՞ւք ինչպես եք կարծում:
-Պետք չէ շփոթել կառավարման ձևը կառավարման համակարգի հետ: Կառավարման թե՛ խորհրդարանական, թե նախագահական, թե կրոնապետական կամ միապետական ձևերի հաջողակ կամ ձախողված լինելու շատ տարբեր օրինակներ կան: Ամեն ինչ կախված է այն բանից, թե կառավարման այս կամ այն ձևն ընտրած ազգային վերնախավերը կոնկրետ ինչպիսի կառավարման համակարգի, այսինքն՝ գիտելիքների, սկզբունքների, նպատակների ներդաշնակ համադրության և ռիսկերի հաշվարկման ստույգ մեթոդաբանության հիման վրա ընտրված իրավա-քաղաքական գործիքակազմի միջոցով են իրականացնում երկրի ղեկավարումը:
Հարցազրույցը՝ Քրիստինա Աղալարյանի