ՀՀԿ-ից թիվ 8-րդ ընտրատարածքում՝ Գեղարքունիքի մարզում, ռեյտինգայինով առաջադրվել են մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը, Ազգային ժողովի պատգամավորներ Հակոբ Հակոբյանը, Կարեն Բոթոյանը, նախկին պատգամավոր Տիգրան Արզաքանցյանը, Գավառի պետական համալսարանի ռեկտոր Ռուզաննա Հակոբյանը, Մարտունու նախկին քաղաքապետ Բագրատ Հարությունյանը, Սևանից՝ Աշոտ Ավետիսյանը, Արամ Եգանյանը, Աննա Նիկողոսյանը, Գեղամ Հովեյանը:
ԼՈւՐԵՐ.com-ի թղթակիցը սպասվելիք ընտրությունների վերաբերյալ զրուցել է Մարտունու քաղաքապետ, անկուսակցական Արմեն Ավետիսյանի հետ. վերջինիս հարցրինք, թե առաջիկա ընտրություններին ու՞մ և ո՞ր քաղաքական ուժին է սատարելու. «Քարոզարշավը դեռ չի սկսվել, իրավունք չունենք ասելու՝ ում ենք սատարելու, ում՝ ոչ: Հնարավոր է՝ քարոզենք, ասենք այս թեկնածուն լավն է, բայց մինչև փետրվարի 26-ը տվյալ անձը հանի իր թեկնածությունը: Երբ ամբողջական ցուցակները հրապարակվեն, այն ժամանակ էլ ամբողջ ապարատով կքննարկենք, կտեսնենք՝ ով է արժանի և օրենքով սահմանված կարգով ինչ պետք է անենք»:
Քաղաքապետը պնդում է նաև՝ քաղաքապետի ընտրություններում ինքը ոչ մի խոստում, աշխատանքի բաշխում, ընտրակաշառք չի կազմակերպել: «Ես նույնիսկ կադրային փոփոխություններ չեմ կատարել, միայն իմ տեղակալն է հեռացվել, որովհետև եղել է կոռումպացված: Այս ընտրություններին էլ փորձելու եմ այնպես անել, որ մաքուր լինի ամեն ինչ: Ես խոստացել եմ՝ ժողովրդին չեմ կողմնորոշելու: Թեկնածուները ժողովրդին գումարներ են խոստանում կամ արդեն իսկ խոստացել են, տալիս են, բայց հետո ձեռք են քաշում իրենց ընտրողներից: Կուզենայի՝ այս ընտրությունները լինեին այնպիսին, որ ժողովրդին թողնեինք ազատ: Ժողովուրդն ում ուզեր, նրան էլ ընտրեր»:
ՀՀԿ ռեյտինգային ցուցակում կա նաև Մարտունու նախկին քաղաքապետ Բագրատ Հարությունյանի անունը: Քաղաքապետ Արմեն Ավետիսյանին հարցրինք նաև՝ իր կարծիքով՝ ինչպիսի՞ շանսեր ունի իր նախկին մրցակիցը.
«Բագրատ Հարությունյանը ձայներ հավաքելու քիչ շանսեր ունի: Քաղաքապետարանի մի ամբողջ թիմ այլևս նրա կողքին չէ»,-ասաց քաղաքապետը: