Այն, որ 2017թ-ի քաղաքական ընտրություններն իրենց անցկացման որակով ոչնչով չեն տարբերվելու նախորդ բոլոր ընտրություններից, այլևս դժվար թե գտնվի գեթ մեկ հոգի, որ կկասկածի այս իրողության վրա: Այո՛, հենց իրողության, քանի որ առնվազն պետք է անհույս լավատես կամ ուտոպիստ լինել՝ հույս ունենալու, թե այս պայմաններում հնարավոր է լինելու միանգամայն եվրոպական ստանդարտներին համապատասխանող ընտրություններ անցկացնել, ընտրություններ, որոնք կդառնան ժողովրդի ազատ կամարտահայտման գործուն մեխանիզմ:

Իսկ նման հոռետեսական եզրահանգման կարելի է գալ՝ հետևելով ընդամենը նկատվող ու հետզհետե է՛լ ավելի ցցուն դարձող նախընտրական տենդենցներին. այն, ինչ այս օրերին կատարվում է հատկապես ռեյտինգային ընտրակարգով առաջադրված թեկնածուների մեծամասնության կյանքում, այլ կերպ, քան իսկական սարսափ չես որակի. անում են ամեն բան, «կաշիներից դուրս են գալիս»՝ որոնելով ուղիներ՝ սողոսկելու համար Ազգային ժողով՝ անկախ այն հանգամանքից՝ իրենք իրենց որպես քաղաքական գործիչ կամ օրենսդիր ընկալո՞ւմ են, թե՞ ոչ:

Պարզվում է՝ առաջիկայում իսկական տիտանական ծավալների հասնող բախում է սպասվում հատկապես Երևան քաղաքի թիվ 2 ընտրատարածքում,ուր միմյանց դեմ են դուրս գալու այնպիսի հանրահայտ դեմքեր, ինչպիսիք են Արտակ Սարգսյանը, Արտավազդ Սարգսյանը, Արման Սահակյանը, որոնց թիկունքին, ինչպես հայտնի է, մի ողջ «բանակ» է կանգնած՝ լի վճռակամությամբ՝ հենց սեփական թեկնածուին առաջ մղելու: Պետք է նկատել, որ որքան մոտենում է բախման վճռական ժամն, այնքան է՛լ ավելի պարզ է դառնում, որ իրականում պայքարը թեկնածուների միջև գնալու է ոչ թե գաղափարական հիմքի վրա, այլ՝ ռեսուրսային՝ գլխավորապես ֆինանսական, ու նրանցից ամեն մեկը խնդիր է ունենալու ընդամենը մեկ բանի՝ հնարավորինս քիչ ծախսերով վաստակել անհրաժեշտ տոկոսներ ու օգտվել հատկապես բնակչության այն խավի վիճակից, որի համար ասենք 10000-20000 դրամը եղանակ է ստեղծում:

Դատելով եռացող կրքերից՝ ամենաթեժ ընտրապայքարը ծավալվելու է հատկապես Արտակ Սարգսյանի («ՍԱՍ-ի Արտակ») և Արման Սահակյանի միջև, ովքեր, պարզվում է, արդեն իսկ սկսել են նախապատրաստական պրոֆիլակտիկ որոշակի գործողություններ իրականացնել: Մասնավորապես՝ մամուլում լուրեր են տարածվել այն մասին, որ Աջափնյակ, Դավթաշեն, Արաբկիր վարչական շրջաններն ընդգրկող թիվ 2 ընտրատարածքում առաջադրված Արման Սահակյանը, դեռևս պատգամավոր չդարձած, սկսել է անխնա խոստումներ շռայլել իրեն սատարողներին՝ խոստանալով պաշտոններ իր հաղթանակի դեպքում: Ասում են նաև, որ Սահակյանը գործի է դրել նաև Աջափնյակի առավել ակտիվ քաղաքացիներին՝ իր օգտին աշխատանք տանելու՝ նրանց բերած յուրաքանչյուր ձայնը գնահատելով 10000 դրամ:

Ինչ վերաբերում է նրա գլխավոր մրցակցին՝ Արտակ Սարգսյանին, ապա այստեղ ևս պատկերը բավականին մռայլ է. որպես Սարգսյանի թիվ մեկ «փիառշիկ» հանդես եկող Հրայր Անտոնյանն, ով, ի դեպ, հենց իրեն է համարում Արաբկիրի հաջորդ քաղաքապետի հինական թեկնածու, ասում են՝ թաղապետարանի աշխատակիցներին անընդհատ ստիպում է՝ գնալ ու զբաղվել շտաբային աշխատանքներով, քարոզչություն իրականացնել Սարգսյանի օգտին և այլն: Մի խոսքով՝ թեկնածուներից ամենամրցունակները ջանք ու եռանդ չեն խնայում՝ փողի զոռով ու «զոռբայությամբ» սողոսկելու գալիք ԱԺ:

Հարց է առաջանում՝ եթե մարդկանց ողջ ուշքումիտքը սեփական կարիերային վերաբերող հարցերը լուծելն է, ապա ի՞նչ կապ կարող են այս ամենի հետ ունենալ ժողովուրդը, շարքային քաղաքացիները, որոնցից շատերի համար այս ընտրությունները, իրենց չափից դուրս ակտիվ դրսևորող ռեյտիգային թեկնածուների պատճառով, արդեն իսկ սկսել են ասոցացվել բացառապես բացասականի հետ. կարիերայի հարցեր ունեն լուծելու, թո՛ղ լուծեն, էլ ինչո՞ւ են ժողովրդին մեջտեղ գցում, հասարակությունն այս ամենի հետ ի՞նչ կապ ունի...

Դավիթ ԲԱԲԱՆՈՎ