«Ինձ համար շատ կարևոր է խաղաղության հարցը, և այդ պատճառով է,  որ ես մտնում եմ նախընտրական այս պայքարի մեջ՝ առաջադրվելով ՀԱԿ-ի ցուցակով՝ որպես անկուսակցական: Ինձ համար միայն մեկ հարց կա՝ մտնում եմ քաղաքական պայքարի մեջ՝ իմ աջակցությունը բերելով խաղաղության հաստատմանը: Վստահ եմ, որ ՀԱԿ-ը միակ ուժն է, որը խոսում է խաղաղության հարցի մասին և խոսում է ոչ միայն այսօր, այլ շատ վաղուց և կուսակցության ղեկավար Լևոն ՏԵր-Պետրոսյանը հրաժարական տվեց հենց այդ պատճառով»,-ԼՈւՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց բանաստեղծ, հարապարակախոս Տիգրան Պասկևիչյանը:  

Նշենք, որ Տիգրան Պասկևիչյանը, խաղաղության հարց ասելով, ի նկատի ունի Լևոն Տեր-Պետրոսյանի առաջարկած հայտնի բանաձևը, ըստ որի, արցախյան հարցի միակ լուծման ուղին հայկական տարածքները Ադրբեջանին հանձնելն է, որն անընդունելի է հայության մեծամասնության համար: Պատահական չէ, որ նախկին նախագահի այս թեզը առաջացրեց հանրության մեջ բուռն բողոք՝  ՀԱԿ ղեկավարին մեղադրեցին դավաճանության և ազգադավության մեջ: 

Մեզ հետ զրույցում Տիգրան Պասկևիչյանն  անընդունելի համարեց արցախյան հարցի կարգավորման վերաբերյալ ՀԱԿ-ի առաջարկած լուծման տարբերակի վերաբերյալ առկա քննադատությունները՝ դրանք որակելով՝ քայլ խաղաղության դեմ. «Եթե կարծում եք,  որ մենք ունենք հնարավորություն Ադրբեջանի վրա հարձակվելու համար, և եթե կան նման մարդիկ, վաղը թող գնան, գրավեն Բաքուն: Ես իրենց կշնորհավորեմ: Բոլորն, ովքեր գտնում են, որ  մենք պետք է հարձակվենք Ադրբեջանի վրա, թող զորք կազմեն ու գնան, եթե, իհարկե, մենք ունենք ադքան մարդուժ, զորք և տեխնիկա»

Տիգրան Պասկևիչյանի համոզմամբ՝ մեր ազգը, մասնավորապես, երիտասարդները՝ չպետք է գնան և զոհվեն՝ հանուն ստատուս-քվոյի պահպանման կամ հանուն այն վիճակի, որն առկա է այժմ. «Հանուն այս վիճակի պահպանման՝ մեր երիտասարդները չպետք է գնան և զոհվեն: Կա՛մ պատերազմ պետք է լինի, կամ՝ խաղաղություն: Խաղաղության դեմ խոսողները պատերազմի մասին բաց տեքստով չեն էլ խոսում, որովհետև իրենց երեխաները չեն զոհվում: Եթե մի փոքր խորանանք, կտեսնենք, որ իրենց երեխաները վաղուց արտասահմանում են ապրում»,-նշեց Պասկևիչյանը՝ հավելելով, որ միայն այս տարվա փետրվարին՝ հայկական կողմն ունեցել է 12 զոհ,  և հայտնի չէ, թե ով է պատասխան տալու մեր զոհերի համար: