Արցախի և Ադրբեջանի սահմանին իրավիճակը կրկին սրվել է: Հակառակորդը շփման գծի հարավարևելյան (Մարտունի) և արևելյան (Ակնա) ուղղություններով հարձակվել է Արցախի Հանրապետության առաջապահ զորքերի վրա, կորուստներ է կրել և հետ շպրտվել:
Երեկ՝ փետրվարի 24-ին՝ հատկապես ինտենսիվ խախտումներ են արձանագրվել ժամը 10:00-11:30-ի սահմաններում. ընդհանուր առմամբ՝ արձակվել է 50 արկ, որից 36-ը Դ-44 տիպի հրանոթից, 14-ը՝ ականանետերից: Հատկանշական է, որ այդ ընթացքում թշնամին թիրախավորել է ոչ միայն մարտական հենակետերը, այլև՝ Թալիշ բնակավայրը, որի ուղղությամբ 120 միլիմետրանոց ականանետից և Դ-44 հրանոթից արձակել է 4 արկ:
Ադրբեջանական ագրեսիայի արդյունքում հայկական կողմը կորուստներ չունի: ԼՈւՐԵՐ.com-ի հետ զրույցում Թալիշի գյուղապետ Վիլեն Պետրոսյանն ասաց՝ այս պահին գյուղում իրավիճակը հանգիստ է, չեն կրակում: «Գիշերը, այսօր էլ հանգիստ է եղել: Հիմնականում կրակոցները դիրքերում են եղել, բայց եղել են նաև գյուղի ուղղությամբ, մոտ 4-5 արկ գյուղում է ընկել, արկերից մեկն ընկել է դպրոցի թաղամասում, որը անմիջապես տեսանելություն ունի դիրքերի հետ, մեկն էլ ընկել է տներից մեկի վրա»,-մանրամասնեց Թալիշի գյուղապետը:
Ի դեպ՝ Ադրբեջանի ռազմական գերատեսչությունը հաղորդագրություն է տարածել՝ նշելով, թե իբր արցախյան ուժերն իրենց դիրքերը բարելավելու նպատակով անցել են հարձակողական գործողությունների՝ չմոռանալով հիշատակել նաև, որ «պաշտպանողական մարտերի» ժամանակ ադրբեջանական զինուժն ունի կորուստներ:
Արցախի հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը հայտարարում է, որ վերոնշյալը իրականության հետ որևէ աղերս չունի: Ավելին՝ այստեղ առաջանում է մի շատ պարզ հարց, որի պատասխանը թողնում ենք ադրբեջանական քարոզիչներին, այն է՝ ինչպե՞ս կարող է պաշտպանվող կողմը զոհեր թողնել չեզոք գոտում: