ՀՀ կառավարությանն առընթեր պետեկամուտների կոմիտեի Մաքսանենգության դեմ պայքարի և կրկնակի մաքսային հսկողության վարչության նախկին պետ Սամվել Սանամյանը, որքան էլ զարմանալի է, ՀՀԿ ռեյտինգային ցուցակով Հրազդանում կմասնակցի առաջիկա խորհրդարանական ընտրություններին: Ինչո՞ւ է զարմանալի, որովհետև «կոնտրաբանդայի» պետի գործը պատգամավորի մանդատից ավելի «յուղոտ» է: Սովորաբար պատգամավոր են դառնում, որ այսպիսի գործի գնան: Բայց արի ու տես՝ Սանամյանը «վիզ» է դրել ԱԺ մտնել և ինչպես երևում է, այս ցանկությունը իրագործելու համար՝ ոչնչի դեմ կանգ առնել չի պատրաստվում:

 

Ընդ որում. Սանամյանը լուրջ աջակիցներ է ձեռք բերել՝ ի դեմս Հրազդանի քաղաքապետ Արամ Դանիելյանի, ով պատրաստվում է ԱԺ առաջիկա ընտրություններում Կոտայքի մարզում առաջադրված ՀՀԿ ռեյտինգային թեկնածուներից սատարել հենց բոլորիս հայտնի Սամվել Սանամյանին: Բնականաբար, վերջինս էլ ունի իր հիմնավոր պատճառները. Սանամյանը «անուրանալի ներդրում» ունի վերջինիս՝ Հրազդանի քաղաքապետ դառնալու հարցում, հենց Սանամյանին Էր վերապահված Դանիելյանի օգտին ընտրակեղծիքներ կազմակերպելու եւ ընտրակաշառք բաժանելու գործը։


Գալիք խորհրդարանական ընտրությունների շեմին էլ կարծես Սանամյանը չի պատրաստվում հրաժարվել հարազատ դարձած գործելաոճից: Մամուլում շրջանառվում են լուրեր, որ վերջինս սկսել է ցուցակագրումներ անել, անհնազանդներին զգուշացնել, որ իր համար չաշխատելու դեպքում՝ խնդիրներ կունենան, ինչպես նաեւ խոստումներ է շռայլում, թե «մեծ գումարներ» են պտտվելու, միայն թե կարողանա ձայներ հավաքել:


Փաստորեն՝ մի կողմից կուսակցությունները հայտարարում են, որ այս ընտրությունները պետք է զերծ լինեն օդիոզ՝ հասարակությանը իրենց նախընտրական քաջագործություններով հայտնի դեմքերից, մյուս կողմից էլ նմաններին նետում են պայքարի մեջ և նույնիսկ վարչական առկա ռեսուրսները լծում՝ ամեն գնով օժանդակելու համար: Իսկ մեղավորը կուսակցությունները չեն, մեղավորը առկա ռեյտինգային համակարգն է, որը մեծագույն չարիք դարձավ ներկուսակցական մաքրազերծումներ նախաձեռնած ուժերի համար: Ռեյտինգային ընտրակարգը ենթադրում է մեկ բան՝ որքան հնարավոր է՝ ձայն բերել:


Իսկ դրա համար անհրաժեշտ է հեղինակություն, թեկուզ և քրեական, և ֆինանսական ռեսուրսներ: Եվ քանի որ ոչ բոլոր «հասարակ մահկանացու» թեկնածուներն են ի վիճակի հաղթանակի ապահովման համար անհրաժեշտ ձայներ հավաքել՝ միակ հույսը շարունակում են մնալ հենց սույն կերպարները...


Քանի դեռ չի փոխվել այս արատավոր համակարգը և զեղված մոտեցումը՝ ընտրական գործընթացների կարևորության վերաբերյալ՝ մեր հասարակությունը շարունակելու է վայելել նման քաղաքապետերի, պատգամավորների  «տքնաջան աշխատանքի» պտուղները….

 

Ստելլա խԱՉԱՏՐՅԱՆ