Այսօր Ազատության հրապարակում տեղի է ունենալու հանրահավաք՝ հանուն Արթուր Սարգսյանի՝ «Հաց բերող»-ի ազատության: Վերջինս գտնվում է «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում և 17 օր է, ինչ հացադուլ է անում:

 

ԼՈւՐԵՐ.com-ի հետ զրույցում հանրահավաքի կազմակերպիչ Շահեն Հարությունյանը տեղեկացրեց, որ որևէ կառույցի կամ պաշտոնյայի՝ նամակ չի հանձնվելու. «Առաջարկելու եմ ծրագիր, լինելու է պայքարի նոր մոտեցում»:

 

Այսօր էլ ԱԺ պատգամավորներ Նիկոլ Փաշինյանն ու Էդմոն Մարուքյանը «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում ծանոթացել են «Հաց բերող» Արթուր Սարգսյանի պահման պայմաններին, որից հետո հայտարարել են, որ պատրաստվում են հանդես գալ պատգամավորական երաշխավորությամբ և միջնորդել, որ Արթուրին կալանքից ազատեն։

 

Իսկ ազգագրագետ Հրանուշ Խառատյանը բաց նամակ-դիմում է ուղղել ՀՀ նախագահ Ս.Սարգսյանին, ԱԺ նախագահ Գ.Սահակյանին, վարչապետ Կ.Կարապետյանին, ոստիկանապետ Վ.Գասպարյանին, ԱԺ պատգամավորներին՝ կոչ անելով մարդասիրություն ցուցաբերել՝ ազատել Արթուր Սարգսյանին կալանքից:

 

Նշենք, որ Արթուր Սարգսյանը տառապում է «Բեխտերևի» հիվանդությամբ, ունի մոտ 15 սմ երկարությամբ որովայնային գծային ճողվածք, իսկ ողնաշարի վիրահատության ընթացքում C1 և C2 մասնահատում է կատարվել և պրոթեզավորվել: Նա երկրորդ կարգի զինվորական հաշմանդամ է։ Կալանքի տակ գտնվելու ընթացքում Արթուր Սարգսյանի մոտ ախտորոշվել էր ստամոքսի և կերակրափողի էրոզիաներ և կերակրափողի ճաք, որը օրեր շարունակ արնահոսել էր:

 

Հիշեցնենք, որ ՊՊԾ գնդի տարածքը գրավելու օրերին Արթուր Սարգսյանը ճեղքել էր ոստիկանական շղթան և սնունդ տարել այնտեղ գտնվող զինված խմբի անդամներին։