Այսօր Ազգային Ժողովում քննարկվում է Լևոն Յոլյանի՝ ՎՊ նախագահի պաշտոնում նշանակելու հարցը: ԱԺ պատգամավոր Գուրգեն Արսենյանն իր ելույթի ընթացքում պարոն Յոլյանից հետաքրքրվեց՝ արդյոք վերջինս կկարողանա՞ վերահսկել և հայտնաբերել այն մարդկանց, ովքեր մսխում են պետական բյուջեն. «Ես հարկային օրենսգրքի ընդունման քննադատներից մեկն էի, քանի որ հասկանալի էր, որ նոր հարկային օրենսգրքի ընդունմամբ քաղաքացիներն ավելի շատ հարկեր են տալու: Արժույթի միջազգային հիմնադրամը մեր ՀՕ-ի վերաբերյալ տեսակետ հայտնելիս նշել էր, որ շատ լավ է, որ  Հայաստանում հարկերը բարձրանում են. դա նշանակում է, որ քաղաքացիները կունենան ավելի լավ կրթություն, լավ ճանապարհներ: Հիմա հարկերն  ավելացել են, բայց մյուսները չկան»:

 

Գուրգեն Արսենյանն իր անձնական օրինակով բերեց դեպքեր, երբ ակնհայտ է դառնում պաշտոնյաների կողմից պետբյուջեն մսխելու  փաստը. «Մի անգամ իմ ընտանիքով օգտվեցինք բավականին թանկ բիզնես ծառայությունից, որից օգտվում էր նաև մի պաշտոնյա, ով ընդամենը 450 հազար դրամ է ստանում: Ակնհայտ է դառնում, որ նման աշխատավարձով չես կարող օգտվել նման ծառայությունից»: 


Իր ելույթում պատգամավոր Արսենյանը նաև անդրադարձավ  ՎՊ նոր երիտասարդ թարմ ուժերով համալրելու հանգամանքին՝ հատուկ շեշտելով, որ համակարգը նոր երիտասարդնեորվ  համալրելը պետք է ունենա մեկ նպատակ. «Նրանք պետք է բռնեն այն մարդկանց, ովքեր թալանում են բյուջեն և փակեն այդ խողովակները: Թալանում են պետական բյուջեն, որովհետև էլ բան չկա թալանելու, միայն բյուջեն է մնացել»: