«Որևէ միջադեպ տեղի չի ունեցել: Ի՞նչ միջադեպ: Ես վերջին անգամ մարդ ծեծել եմ 15 տարեկան հասակում և այն էլ՝ այն ժամանակ, երբ մարզիկ էի: Նորից եմ ասում՝ ոչ մի միջադեպ չի եղել: Մնացածը կիմանաք մեկ-երկու օրից: Ես ամեն ինչ անելու եմ, որ իմ ընտրատարածքում ընտրություններն անցնեն անբիծ և ժողովրդավարական»,-այս պատասխանը տվեց այսօր իրեն շրջապատած լրագրողներին ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Բազմասեր Առաքելյանը՝ ի պատասխան իրեն ուղղված հարցերին: 

 

Պատգամավորն այդպես էլ անպատասխան թողեց լրագրողների հարցադրումներն այն մասին, թե, եթե ծեծկռտուք չի եղել, ապա ո"ւմ էր ձեռնտու իր անվան շուրջ այս աղմուկը: Վերջինս բոլորին խորհուրդ տվեց սպասել և կարդալ իր ֆեյսբուքյան գրառումը: 

 

Հիշեցնենք, որ համացանցում տեղեկատվություն տարածվեց, Բազմասեր Առաքելյանը, ով Հայաստանի հանրապետական կուսակցության ռեյտինգային ցուցակով Արագածոտնի մարզից մասնակցում է 2017-ի ապրիլին կայանալիք ԱԺ ընտրություններին, ծեծուջարդ է նախաձեռնել իր հայրենի Փարպի գյուղում։

 

Նույն պնդումների համաձայն՝ տուժողը Դաշնակցական է, դեպքից հետո էլ ՀՅԴ-ականները հայտարարել են՝ «իրենց կուսակցական ընկերն անպաշտպան չի մնա»: