Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարնազանովն անդրադարձավ իր կուսակից ընկեր, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարեն Կարապետյանի՝ ՀՀԿ-ից դժգոհելուն և կուսակցության վարկանիշի անկման մասին նրա արտահայտած մտքերին՝ նշելով. «Յուրաքանչյուրս ունենք մեր կարծիքը, և շատ նորմալ է, երբ լինում են տարբեր քննարկումներ, կողմ և դեմ ձայներ: Այո՛, պարոն Կարապետյանը ունեցել է իր կարծիքը: ՀՀԿ-ն հո կոմկուս չէ՞: Սակայն որոշումներ կայացնելուց հետո բոլորս միակամ ենք լինում»:
Դիտարկմանը, որ ՀՀԿ-ին արդեն քննադատում են սեփական կուսակիցները, Շարմազանովը պատասխանեց. «ՀՀԿ-ն է այն կուսակցությունը, այն ուժը, որը կարող է լուծել երկրում առկա խնդիրները: Մեր տարածքային ընտրակարգով առաջադրված թեկնածուների նպատակը պետք լինի առավել ձայներ բերել կուսակցությանը: Կարծում եմ՝ յուրաքանչյուր թեկնածուի համար պետք է պատիվ լինի լինել ՀՀԿ-ի անդամ լինելը»:
Էդուարդ Շարմազանովը մի քանի անգամ կրկնեց, որ ՀՀԿ-ն է միակ ֆավորիտն այս ընտրապայքարում: Շարմազանովը հերթական անգամ իր համար պատիվ համարեց «Հանրապետական» կուսակության անդամ լինելը:
ԼՈւՐԵՐ.com-ի հարցին, արդյոք վերջինս տեղյա՞կ է՝ հասարակության քանի տոկոսն է կիսում իր տեսակետը՝ ՀՀԿ-ին ֆավորիտ համարելով, պատգամավորը պատասխանեց. «Չեմ կարող ասել: Ես չեմ ուզում խլել սոցիոլոգների դափնիները: Ապրիլի երկուսից հետո կտեսնենք»:
Հիշեցնենք՝ երեկ ԱԺ-ում ՀՀԿ պատգամավոր Կարեն Կարապետյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ եթե ինքը «Հանրապետական» կուսակցության անդամ չլիներ և առաջադրվեր որպես պետական գործիչ, իր ռեյտինգն ավելի բարձր կլիներ՝ միաժամանակ ընդունելով, որ ՀՀԿ-ն ունի անկում ապրող վարկանիշ: