ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալներով, Հայաստանում հացի արտադրության ծավալները անցած տարվա հունվար-նոյեմբերին 2015 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ 2.3 տոկոսով նվազել են: Նկատենք, որ հացի սպառման ծավալների նվազումը պայմանավորված է հանրապետության մշտական բնակչության թվաքանակի նվազման հետ:

 

Ի դեպ, հացի սպառման ծավալները Հայաստանում նվազում են արդեն 4-րդ տարին անընդմեջ։  

 

ԼՈւՐԵՐ.com-ի թղթակիցը զրուցեց Սպառողների ազգային ասոցիացիայի փոխնախագահ, մոնիթորինգի և մարկետինգային հետազոտությունների բաժնի պետ, որակի փորձագետ, աուդիտոր Ռուբեն Հայթյանի հետ՝ պարզելու, թե Հայաստանում ինչո՞վ է պայմանավորված հացի սպառման նվազումը:

 

Փորձագետը հացի սպառման նվազումը կապում է մի շարք գործոնների հետ. «Բնակչության քանակի նվազում, ցածր գնողունակություն, սոցիալական խնդիրներ, ահա այս պատճառներով է նվազել հացի գնողունակությունը: Հայերս, ի տարբերություն այլ ազգերի, սովորաբար, շատ ենք օգտագործում հաց: Եթե օրվա ընթացքում պետք է օգտագործել 200-300 գրամ հաց, ապա մենք ավելի շատ ենք ուտում: Հիմա միտում կա նաև՝ երիտասարդ աղջիկները, քաշ չհավաքելու համար, չեն օգտագործում հաց»,- ասաց նա՝ նկատելով, որ այժմ բոլոր սննդամթերքների սպառման քանակն է նվազել:

 

Ռոբերտ Հայթյանի կարծիքով՝ հացի որակը ևս շատ կարևոր նշանակություն և դեր ունի գնողունակության բարձրացման համար. «Անհայտ ծագման նյութեր են օգտագործում: Աղ շատ լցնելով կամ խոնավության բարձր տոկոս ապահովելով՝ արհեստականորեն քաշ են ավելացնում: Օգտագործում են կասկածելի որակի խմորիչներ»,- ասաց նա՝ ավելացնելով, որ արտադրողները ծախսերի խնայողություն են անում որակի հաշվին: 

 

Ըստ փորձագետի՝ օրենքով սահմանված կարգով, հացի գնապիտակի վրա պետք է նշված լինի՝ ինչ ալյուրից է պատրաստված, խոնավությունը քանի տոկոս է, և այլ մանրամասներ, քանի որ խոնավության բարձր տոկոսի, աղի շատ լինելու պատճառով մարդկանց մոտ ստամոքսի խոց է առաջանում: 

 

Սոնա Հարությունյան