Հայոց ցեղասպանությանը նվիրված դասագրքերի հեղինակ Ռուբինա Փիրումյանը հրապարակել է «Հայոց ցեղասպանության դասավանդումը պատմվածքների, հեքիաթների, զրույցների, բանաստեղծությունների, փաստական նյութերի միջոցով» ուսուցչի համար ձեռնարկ, որը դարձավ տարատեսակ քննադատությունների առարկա: 

 

ԼՈւՐԵՐ.com-ի հետ զրույցում «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանը, խոսելով այդ ձեռնարկի մասին, նշեց, որ այն իրականում իր մեջ նորություն չի պարունակում որպես լրացուցիչ ձեռնարկ.  «Ես ուշադիր նայեցի նաև կրթության և գիտության նախարարության կայքում տեղադրված տեքստը: Որևէ նոր բան չկա: Սա Ռուբինա Փիրումյանի առաջին ձեռնարկը չէ, ամեն տարի էլ լինում են այդպիսիք: Ամեն մարդ ուզում է իր գրածն ընդարձակել, որովհետև կամ պետք է հանեն շրջանառությունից, կամ պետք է ընդարձակեն: Ես համաձայն չեմ դրա հետ: Իմ վերաբերմունքը պարզ է ՝ կա պատմության դասընթաց»

 

Աշոտ Բլեյանի դիտարկմամբ՝ ամենավտանգավորը հանրային մտածողության խնդիրն է, և այն, որ այսօր ապրող  մարդու հայացքն է պակասում մեզ: «Սովորողին ի՞նչ են ուզում դարձնել: Ամենավտանգավորն ուրիշ բան է այստեղ, մեզ այսօր ապրող մարդու հայացքն է պակասում: Ռուբինա Փիրումյանը մեզ արդեն քանի տարի է՝ իր պապերի հայացքն է պարտադրում, արդեն քանի տարի է պարտադրում է մեզ դա նաև մեր կրթական համակարգը: Բայց չէ՞ որ կա գլխավոր խնդիր, որ այսօրվա քաղաքացին ցեղասպանվածի հոգեբանությամբ չապրի, ինքը  զոհ չէ, ինքն ապրելու խնդիր ունի, ծնելու խնդիր ունի... Դա սովետ է»: 


Մեր զրուցակցի փոխանցմամբ՝ տարիներ շարունակ ինչ-որ միջոցներ են ծախսում նման ձեռնարկների ստեղծման վրա, որոնք, սակայն, չեն արտացոլում իրական խնդիրները. «Դե, գործ ա, անում են էլի մարդիկ, բայց այսօր ապրող հայաստանցին է դուրս մնում իր իրական խնդիրներով: Այսօրվա այն հայաստանցին, ով իր հայրենիքից չի՛ փախչի, չի՛ հայհոյի ադրբեջանցուն և լքի Հայաստանը, այլ նոր հայացքով կնայի ապագային»:


Աշոտ Բլեյանն այն  կարծիքին է, որ տասնյակ նման հեղինակներ կարող են մեծ ու փոքր բաներ անել, և անել հատկապես ընտրություններից առաջ, բայց կարևոր է հետևել, թե դրանք ում՝ ինչ են տվել, կամ ում են ինքնավսատահություն փոխանցել:  

 

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրենը չի կիսում տեսակետը, թե նմանատիպ ձեռնարկները կօգնեն ուսուցիչներին   Ցեղասպանության թեմայով զրույցներ ծավալելիս և միջոցառումներ կազմակերպեկլիս. «Ցեղասպանությունը  միջոցառո՞ւմ է, հա՞»,-հարցադրում է հնչեցնում նա՝  վստահեցնելով, որ պետք է ձևավորել ՀՀ ազատ, անկախ և ինքնիշխան քաղաքացի:

 

Աղավնի Սուքիասյան