Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը մերժել է «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի համամասնական ցուցակով պատգամավորի թեկնածու առաջադրված Անդրիաս Ղուկասյանին գրավի դիմաց ազատ արձակելու միջնորդությունը: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեց Անդրիաս Ղուկասյանի շահերի պաշտպան Կարեն Մեժլումյանը:

«Դատարանը քննեց և մերժեց Անդրիաս Ղուկասյանին գրավի դիմաց ազատ արձակելու միջնորդությունը: Մենք առաջարկում էինք 500 հազար դրամ գրավի դիմաց նրան ազատ արձակել, իսկ եթե դատարանը ողջամիտ կհամարեր այլ գումար, մենք նաև դրան համաձայն կլինեինք»,-ասաց Մեժլումյանը:

Անդրիաս Ղուկասյանի փաստաբանը իր պաշտպանյալին գրավի դիմաց ազատ արձակելու միջնորդություն էր ներկայացրել այն հիմնավորմամբ, որ վերջինս պատգամավորի թեկնածու է և անհրաժեշտություն կա, որպեսզի նա մասնակցի նախընտրական քարոզարշավին: