«ՀՀ նախագահն արդեն հայտարարել է, որ զիջումներ չեն լինելու, և «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգի մարտական տեղակայումը և հրթիռների արձակումը դրա ապացույցն է: Սա շատ ճիշտ քայլ է, սա հայկական կողմից իրականացվող նախահարձակ քաղաքականության հետևանքն է նաև: Հաշվի առնելով նաև սպասվող խորհրդարանական ընտրությունները՝ տեղին է նաև այս տեսանյութի հրապարակման համար ընտրված ժամանակահատվածը, որովհետև, հաշվի առնելով նախընտրական քաոսը, որ կարող է լինել մեր երկրում, Ադրբեջանը կարող է գայթակղվել»,-այս մասին ԼՈւՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց քաղաքագիտության դոկտոր, պրոֆեսոր Լևոն Շիրինյանը:
Ըստ մեր զրուցակցի՝ ՀՀ նախագահն ու պաշտպանության նախարարը, կարծես թե, հրաժարվում են պաշտպանվողական քաղաքականությունից և անցում են կատարում կանխարգելիչ մարտավարության. «Մեր ժողովրդի ոգին սրանով կբարձրանա: Առաջինը մենք ենք կարևորը, և հետո՝ հակառակորդը կտեսնի, որ տրամադրություն կա, որ արյուն կթափենք և վերջ: Այս մեթոդը 100 տոկոս իր նպատակին կծառայի և այն ճիշտ արված քայլ է»:
Հիշեցնենք, որ ՀՀ պաշտպանության նախարարությունը «Youtube»-ում հրապարակել է «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգի մարտական տեղակայումը և հրթիռների արձակումը պատկերող տեսանյութ: Տեսանյութում նշված է, որ դրանք «Սմերչ»-ի առաջին հայկական համազարկերն են, այլ կերպ ասած՝ Հայաստանի կամ Արցախի տարածքից այդ ահեղ համակարգի հրթիռներն առաջին անգամ են արձակվում:
Աղավնի Սուքիասյան