«Մենք միշտ կողմնակից ենք եղել գենդերային հավասարությանը, հեղինակն ենք եղել կանանց և տղամարդկանց իրավահավասարության մասին ընդունված օրենքի: Մենք ջատագովն ենք եղել ընտրական օրենսգրքում այն փոփոխությունների իրականացմանը, համաձայն որոնց՝ այսօր Հայաստանում կանայք ունեն մեծ ներգրավվածություն ընտրական ցուցակներում»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՎԿ առաջնորդ Արթուր Բաղդասարյանը՝ նշելով, որ կանայք պետք է էլ ավելի ակտիվ մասնակցություն ունենան ու իրենց վճռորոշ դերակատարումն ունենան երկրի կառուցման բարդ ու պատասխանատու գործում:
«Գյուղաբնակ կանայք, օր ու գիշեր հողի հետ կռիվ տալով, բերք ու բարիք են ստեղծում՝ պետության կողմից չարժանանալով պատշաճ վերաբերմունքի: Մենք առաջարկում ենք, որպեսզի պետությանը հողի հարկ վճարող ընտանիքների կանանց գյուղատնտեսական աշխատանքը դիտարկի աշխատանքային ստաժ»,- ասաց Արթուր Բաղդասարյանը:
«Հայաստանում պետք է ձևավորվի մայրական կապիտալ. մեր հեղինակած օրենքով՝ այսօր ընտանիքը ծնված 3-րդ և 4-րդ երեխայի համար պետությունից ստանում է 1,5 մլն դրամ: Այսօր օրենքն անցել է 8 տարվա ճանապարհ, 8 տարի քննադատություններ են հնչել, բայց այսօր մենք հպարտությամբ արձանագրում ենք, որ այդ օրենքն ընդունվել է, գործում է»,- ասաց Արթուր Բաղդասարյանը:
Ըստ ՀՎԿ առաջնորդի՝ վաղվա խորհրդարանում 25-30 կին է լինելու, սա տղամարդկանց ստիպելու է ավելի հավասարակշիռ պահվածք դրսևորել: Եվ ընդհանրապես, այնտեղ, որտեղ կան կանայք, այնտեղ կա երջանկություն, հաջողություն: «Քաղաքականությունը չի կարող առանց կանանց լինել, կինը քաղաքակնության մեջ լուրջ ուժ է տալիս, նոր որակներ է տալիս»,- հայտարարեց Բաղդասարյանը, շտապելով հեռանալ՝ բարձրաձայն ասելով. «Կանանց ճնշմանը ոչ ոք չի կարող դիմանալ»: