«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ, «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի առաջնորդներից՝ Րաֆֆի Հովհաննիսյանը կարող է ցանկացած պահի Հայաստանում քարոզարշավին միանալ: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «ՕՐՕ» դաշինքի նախընտրական շտաբի պետ, «Ժառանգության» փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը:

Արմեն Մարտիրոսյանը նշեց, որ Րաֆֆի Հովհաննիսյանն այս պահին Ամերիկայի Միացյալ Նահանգներում է, որտեղ գործնական հանդիպումներ է անցկացնում:

Արմեն Մարտիրոսյանն, անդրադառնալով քարոզարշավին, ասաց. «Այն, ինչ ես տեսա քարոզարշավին՝ մարզեր այցելությունների ժամանակ, ևս մեկ անգամ ապացուցում է, որ մենք փոփոխություններ պետք է անենք։ Այդ համընդհանուր թշվառությունը, հուսալքությունը, անճարակությունը, որին իշխանությունները հասցրել են մեր ժողովրդին, իսկապես անթույլատրելի են: Ժողովուրդն ինքնահոսի է մատնվել, քանի որ լուծման ուղիները նվազագույնն են, իսկ հիմնական ելքն էլ ժողովուրդը տեսնում է արտագաղթի մեջ»։

Արմեն Մարտիրոսյանի խոսքով՝ իշխանությունները ժողովրդի ձեռքից վերցրել են ամեն ինչ, բացառությամբ ձայնի, սակայն դա էլ փորձում են կեղծել և գնել. «Ակնհայտ է, որ իշխանությունն ունի մի քանի թեզ, որի միջոցով փորձում է վերարտադրվել: Իշխանությունները քարոզում են ժողովրդին, որ ոչինչ չի փոխվելու, միևնույն է, իրենք անպարտելի են, երկրորդը՝ առձեռն գումար առաջարկելն է, իսկ երրորդը՝ կեղծ սոցիոլոգիական հարցումները»։