Հայաստանում նախընտրական կրքերը հետզհետե թեժանում են: «Թեժանալ» ասվածը, սակայն, այս պարագայում ոչ թե պետք է հասկանալ բառիս քաղաքագիտական իմաստով, այլ՝ ուղիղ. երկրում վերջին օրերին տեղի են ունենում իրադարձություններ, որոնք այլ կերպ, քան փոքրիկ մարտական գործողություններ, ոչ մի կերպ չես համարի:


Ինչպես հայտնի է, օրերս լուրջ միջադեպ էր տեղի ունեցել Արմավիրի մարզի Ջրառատ գյուղում, ուր փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանի եղբոր՝ Լեռնիկ Երանոսյանի կողմնակիցները բախվել էին Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինքի համակիրների հետ. հնչել էին կրակոցներ, որոնց արդյունքում մարդիկ էին վիրավորվել: Սրան գումարած՝ պակաս թեժ իրավիճակ չէր ստեղծվել նաև Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքում, ուր ծեծկռտուք էր տեղի ունեցել ՀՀԿ-ից ռեյտինգայինով առաջադրված պատգամավոր Կարեն Բոթոյանի ու Սևանի հացի գործարանի տնօրեն, թեկնածու Աշոտ Ավետիսյանի կողմնակիցների միջև: Մի խոսքով՝ միջադեպերի, ծեծկռտուքների, կրակոցների պակաս՝ նախընտրական այս շրջանում Հայաստանը, կարծես, առանձնապես չի զգում:

 

Բայց սրանցից ամենաաղմկահարույցը, թերևս, Ջրառատի միջադեպը պետք է համարել, քանի որ, դատելով, ասենք, Սամվել Բաբայանի՝ այդ իրադարձություններին հաջորդած հայտարարություններից, ևս նմանատիպ մի դեպք՝ ու ամեն բան կարող է դուրս գալ վերահսկողությունից: Հիշեցնենք, որ Բաբայանն, իր հարցազրույցներից մեկում խոսելով Ջրառատում տեղի ունեցած դեպքերի մասին, ասել էր բառացիորեն հետևյալը. «Խորհուրդ չեմ տալիս, որ կանգնեն դաշինքի դեմ, որովհետև այդպես կրակելով՝ տեղ չեն հասնի: Եթե այսօր իրենք են կրակում, վաղը կարող է մյուս կողմը կրակի, ու ընդհանրապես իրենց ողջ-առողջ չգտնեն»:


Այն, որ Հայստանում քաղաքական ընտրությունները երբեք էլ աչքի չեն ընկել իրենց անցկացման որակով, իսկ նախընտրական պրոցեսներն ու իրադարձություններն էլ մշտապես հեռու են եղել իդեալականից, անհերքելի է. բավական է ընդամենն աչքով անցկացնել համապատասխան դեպքերի ու իրադարձությունների քրոնոլոգիան, որպեսզի ասվածի ճշմարտացիությունը նյութականորեն փաստվի:


Ներկա իրավիճակը մյուս բոլոր նախորդներից տարբերվում է, սակայն մեկ օբյեկտիվ հանգամանքով. Հայաստանի առաջ ծառացել է լինել-չլինելու հարցն, ինչը նշանակում է, որ ցանկացած ներքին ցնցում կարող է ճակատագրական լինել երկրի համար: Այլ կերպ ասած՝ Հայաստանը չունի իրեն ապակառուցողական «շքեղություններ» թույլ տալու ռեսուրս ու միակ բանը, որին պետք է այժմ ձգտել, նորմալ, քաղաքակիրթ ընտրություններ անցկացնելն է կամ գոնե նման իմիտացիա ստեղծելը: Մենք, ինչպես ասում են, Սիցիլիա վերածելու հայրենիք չունենք ու եթե չկարողանանք ինքներս մեր ուղեղներում կոնկրետ մտածելակերպ փոխել, դատապարտված ենք լինելու չարքաշության: Ճիշտ է՝ պետք է նկատել, որ, ասնենք, ներկա Ընտրական օրենսգիրքը ոչ մի օբյեկտիվ հնարավորություն չի ընձեռում քաղաքակիրթ ընտրություններ անցկացնելու համար, սակայն մենք այնպիսի վիճակում ենք, որ նույնիսկ այս խայտառակ օրենսգրքի պայմաններում էլ ուղղակի պարտավոր ենք չտապալել ընտրական ողջ գործընթացը:


Թե ինչ հետևություններ կարվեն այսքանից հետո, իհարկե, հետագան ցույց կտա, բայց, որ նմանատիպ դեպքերի կրկնությունը պետք է ի սկզբանե բացառել, անկասկած է. մի քանիսի նկրտումների զոհ՝ Հայաստանը չպետք է դառնա:


Դավիթ ԲԱԲԱՆՈՎ