Ջրառատ գյուղում վերջին օրերին տեղի ունեցած արյունալի միջադեպերի հետևանքով «Էրեբունի» ԲԿ տեղափոխված Հակոբ Մելքոնյանի վիճակը նորմալ է: Ինչպես ԼՈւՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց նրա մայրը՝ տիկին Զինան, իր որդին դեռ մեկ շաբաթ պետք է մնա հիվանդանոցում: Հակոբ Մելքոնյանի մոտ առկա է հրազենային վնասվածք՝ ոտնաթաթի շրջանում: Մյուս վիրավորը՝ Արայիկ Մելքոնյանը, մեր՝ հիվանդանոցում գտնվելու ընթացքում վիրահատվում էր, ինչից հետո տեղափոխվեց հիվանդասենյակ: Նրա մոտ առկա է նախաբազկի կոտրվածք: Մելիք Մելքոնյանը ևս գտնվում էր հիվանդասենյակում, նրա մոտ առկա են մեջքի շրջանում կտրած-ծակած վերքեր:
Լուսանկարում Հակոբ Մելքոնյանն է
Ի դեպ՝ ոստիկանության ծառայողները հերթապահություն էին իրականացնում հիվանդասենյակների մոտ և որոշ դեպքերում, ելնելով որոշակի պատճառներից, թույլ չէին տալիս տվյալ պահին տեսակցել հիվանդներին: Հիվանդանոց այցելած հարազատներից մեկին դուր չեկավ դա, վերջինս զայրացավ և վիճաբանության մեջ մտավ ոստիկանության ծառայողի հետ, ով իր աշխատանքն էր կատարում:
Նաև պետք է շեշտենք, որ Էրեբունի բժշկական կենտրոնի գործադիր տնօրեն Միքայել Մանուկյանը ևս ակնհայտ վրդովված էր ու աջուձախ վիրավորում ու գորգոռում էր բուժքույրերի վրա: Մանուկյանն անգամ լրագրողին մեղադրեց ստեղծված կոնֆլիկտի համար, սակայն ակնհայտ էր, որ կոնֆլիկտն առաջացել էր այլ պատճառով; Եվ այդ ամենում մեղադրել լրագրողին, պարզապես զավեշտալի է: Մնում էր ասել, որ Ջրառատ գյուղում տեղի ունեցած միջադեպերը ևս հրահրել են լրագրողները:
ԲԿ-ի տնօրենն անգամ ԼՈւՐԵՐ.com-ի լրագրողին սպառնաց՝ թույլ չտալ այսուհետ մուտք գործել հիվանդանոց և դուրս հրավիրեց այնտեղից, ինչը բժշկին ոչ վայել պահվածք ու վարքագիծ էր և խոսում էր Մանուկյանի կրթական ցենզի պակասի մասին: Առայժմ՝ այսքանը Էրեբունի բժշկական կենտրոնի գործադիր տնօրենի պահվածքի մասով:
Ինչևէ, վերադառնալով բուն թեմային, նշենք, որ հիվանդանոցում էր նաև Հակոբի եղբայրը, ով նոր էր վերադարձել արտերկրից: Վերջինս հրաժարվեց խոսել:
Հակոբ Մելքոնյանի մայրը՝ տիկին Զինան, մեզ հետ զրույցում պատմեց նախորդ կիրակի օրը տեղի ունեցած միջադեպի մասին և այս միջադեպը նախորդի շարունակությունը համարեց: Նա մի քանի դրվագ պատմեց տեղի ունեցածից: Մեր զրուցակցի խոսքով՝ կիրակի օրը տեղի ունեցած միջադեպի ժամանակ Լյովա Երանոսյանը նրանց սպառնացել է՝ ասելով. «Զինա՛, տղեքիդ վրա լացելու ես»: Նա ասաց, որ որևէ թշնամանք չունեն Երանոսյանների հետ: Մեր զրույցի ընթացքում Հակոբ Մելքոնյանը, հիվանդասենյակից կիսով չափ դուրս գալով, մորը հրահանգեց որևէ բան չխոսել, հարցազրույցներ չտալ:
Ավելի վաղ գրել էինք, որ Երանոսյանների և ՕՐՕ դաշինքի համակիրների միջև լարվածությունն առաջացել է դեռևս ՏԻՄ ընտրությունների ժամանակ, երբ գյուղապետի աթոռի համար Երանոսյանների բարեկամ, ներկայիս գյուղապետ Սամվել Գալստյանի հետ միասին պայքարում էր այսօրվա միջադեպի հետևանքով վիրավորված Հակոբ Մելիքյանը:
2016 թվականի սեպտեմբերի 18-ին տեղի ունեցած գյուղապետի ընտրությունների քվեարկության արդյունքների համաձայն՝ Հակոբ Մելիքյանը, Սամվել Գալստյանի հետ լարված պայքարի արդյունքում՝ հավաքել է 394 ձայն, իսկ Սամվել Գալստյանը՝ 647:
Հենց այդ ժամանակ էլ Ջրառատ գյուղը բաժանվել է երկու մասի՝ Երանոսյան եղբայրների կողմնակիցների և Մելիքյանների միջև: Այդ ընտրություններից հետո կարծես հարաբերական հանգստություն էր տիրում գյուղում: Ի դեպ՝ հենց գյուղապետի ընտրությունների օրը գյուղում կրկին միջադեպ էր տեղի ունեցել, որը վերածվել էր ծեծկռտուքի։
Մանրամասները՝ ԼՈւՐԵՐ.com-ի տեսանյութում
Լուսանկարում Արայիկ Մելքոնյանն է
Քրիստինա Աղալարյան