Երեկ ՀՀ պաշտպանության նախարարությունը լրատվամիջոցներից մեկի հարցմանն ի պատասխան՝ պաշտոնական գրությամբ տեղեկացրել է, որ անորակ դիզվառելիքի պատճառով ռազմական տեխնիկայի խափանումներ, ներառյալ 2016 թվականին չեն արձանագրվել: Ասել է, թե ՀՀԿ ցուցակը գլխավորող Վիգեն Սարգսյանի ղեկավարած գերատեսչությունը հերքել է վարչապետ Կարեն Կարապետյանի՝ վերջերս ԱԺ ամբիոնից արած հայտարարությունը, թե ապրիլյան պատերազմի օրերին տեխնիկան չի աշխատել՝ անորակ վառելանյութի պատճառով: Հատկանշական է, որ վարչապետն իր այս հայտարարությունը կրկնել էր նաև նախօրեին՝ Ավանում նախընտրական հանդիպման ժամանակ:

Այս միջադեպը ևս մեկ անգամ գալիս է փաստելու, որ իշխող քաղաքական ուժի ներսում լատենտ համակարտություններ են ընթանում, որոնց ազդեցությունը առավել զգալի կլինի 2018 թվականի ընտրություններին ընդառաջ: Դեռևս այդ հակամարտությունը ընթանում է Սարգսյան-Կարապետյան ձևաչափով: Երկուսն էլ իրենց սեփական տեսլականը ունեն 2018 թվականի հետ կապված: Պատահական չէ այն փաստը, որ թեև ՀՀԿ ցուցակը գլխավորում է պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, սակայն ՀՀԿ նախընտրական քարոզարշավն անցկացնում է անձամբ Կարեն Կարապետյանը:

Ավելին՝ վարչապետը սոցիալական ցանցերից մեկում «Ռոյթերս» գործակալությանը տված հարցազրույցի հղումը տեղադրել է հետևյալ նախաբանով՝ «Հայաստանի տնտեսական զարգացման իմ տեսլականը՝ 2018 թ-ից: Այլ կերպ ասած՝ Կարապետյանը շատ հստակ հասկացրել է, որ դեռ երկար ժամանակ ինքն է լինելու Հայաստանի վարչապետն՝ անկախ այն խոսակցություններից, որ 2018թ. ապրիլից, երբ ուժի մեջ մտնի նոր Սահմանադրությունն, ինքը չի բավարարի կառավարության անդամների համար սահմանված չափորոշիչներին, քանի որ վերջին չորս տարում մշտապես չի բնակվել Հայաստանում:

Վարչապետը և ՊՆ նախարարը ըստ էության՝ այն  նոր կամ թարմ դեմքերն են, որով իշխանությունը փորձում է ներկայանալ հանրությանը: Միևնույն ժամանակ, զուտ քարոզչական տրամաբանությանը զուգահեռ, այդ «երկփեղկումը» արտացոլում է նաև իշխանության կամ ՀՀԿ ներսում զուգահեռ ծավալվող կամ զարգացող տարբերակները կամ պարզապես իշխանության հետագա խնդրի երկու սցենարները, որոնք այժմ հրապարակում են:

Նախագահը փաստորեն առաջ է մղում պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանին և վարչապետ Կարեն Կարապետյանին, առաջ է մղում զուգահեռով:  Ի վերջո, ներքաղաքական կամ ներիշխանական զարգացման սցենարները կամ տարբերակները դիտարկելիս, որոնք կարող են լինել իշխող քաղաքական ուժի ղեկավարության պահուստում, պետք է արձանագրել նաև այն, որ, ի վերջո, գործընթացը միանձնյա որոշումներով չէ, որ պայմանավորված է, և անկասկած կան ու դեռ կլինեն թե՛ արտաքին, թե՛ ներքին մի շարք գործոններ, որոնք կթողնեն իրենց ազդեցությունը հետագա զարգացումների վրա: Հարցն այն է, թե ինչ չափի կլինի այդ ազդեցությունը:

Ստելլա ԽԱՉԱՏՐՅԱՆ