Կառավարության նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցի ժամանակ ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանն, անդրադառնալով վերջին օրերին ծավալված քրեական զարգացումներին և, մասնավորապես, ՀՀԿ թիմակիցների միջև կատարված ծեծուջարդին և կրակոցներին, նշեց, որ դատապարտում է նման ցանկացած գործողություն՝ անկախ հանգամանքից, թե այն իրականացնող կողմերն ինչ կուսակցական պատկանելություն ունեն: «Դատապարտում եմ նման ցանկացած դրսևորում: Ցանկացած կուսակցություն մեր հասարակության հայելին է և յուրաքանչուր կուսակցությունում էլ կարող են լինել նման դեպքեր: Այն իրականացնողները պետք է օրենքի առաջ պատասխան տան, անպայմա՛ն»,-վստահեցրեց նախարարը:
ԼՈւՐԵՐ.com-ի հարցին՝ նախարարն ինչի՞ հետևանք է համարում նման բացասական դեպքերը, վերջինս պատասխանեց. «Մեզանում մշակույթի պակաս կա»:
Արմեն Ամիրյանը, կանխելով լրագրողների հարցերը՝ կապված ընտրապայքարի հետ, խորհուրդ տվեց չխախտել օրենքն ու քարոզարշավի վերաբերյալ հարցեր չտալ, քանի որ ինքն այս ժամին քարոզչությամբ չի զբաղվում, չի պատասխանի քարոզարշավին վերաբերող որևէ հարցի:
Աղավնի Սուքիասյան