Հյուսիսային պողոտայի նախկին բնակիչներն այսօր՝ մարտի 16-ին, կրկին կառավարության շենքի դիմաց էին: Նրանք պահանջում են վերանայել 13 տարի առաջ իրենց հետ կնքված պայմանագրերը և փոխհատուցել կորցրած տների դիմաց: Նրանց տների տեղում այսօր Հյուսիսային պողոտան է: Գումարով, որ ստացել են 13 տարի առաջ, բնակիչները չեն կարողացել գնել նոր բնակարաններ և այժմ պայքարում են՝ պահանջելով փոխհատուցում:
ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում Տերյան 18 հասցեի նախկին բնակիչը պատմեց, որ 2004 թվականին պետական կարիքների անվան տակ քանդեցին իրենց բնակարանները. «Մեր պահանջն է, որ մեզ փոխհատուցեն: Մեկ քառակուսին 1000 դոլար հաշվեն, իրենք 2000 դոլարով են վաճառել, իսկ մեզ հատկացրել են 300 դոլար»,- ասաց Ժենյա Պողոսյանը:
Լալայանց 29-ի բնակիչ Գոհար Ասատրյանն էլ վրդովված ասաց. «Մեզ գնդակի նման այս կողմից այն կողմ են նետում: Գնում ենք քաղաքապետարան՝ ասում են մենք դրա հետ կապ չունենք, գնացեք նախագահի նստավայր, գնում ենք նստավայր՝ ասում են քաղաքապետարանը պետք է այդ հարցը լուծի»:
Ինչպես նշեցին ցուցարարները՝ մեկ շաբաթ առաջ գնացել են քաղաքապետարան, սակայն ոչինչ չի փոխվել. «Մեզ ընդունեց Օհանյանը, ասաց՝ «Դուք ժամանակին թուղթ եք ստորագրել, իսկ հիմա ուժը կորցրած է, մենք ոչինչ չենք կարող անել»: Մեր փողերը յուրացրել են, մենք մեր բնակարանների գումարն ենք ուզում: 13 տարի է՝ պայքարում ենք, բայց մեզ բանի տեղ չեն դնում»:
Կառավարության շենքի դիմաց էին նաև Տիգրան Մեծ փողոցի բնակիչները: Նրանք ևս 2009 թ.-ից՝ պահանջում են փոխհատուցել իրենց բնակարանների գումարները:
Տիգրան Մեծի 1 հասցեի նախկին բնակիչ Էլյա Երզնկյանը լացակումած պատմեց. «Ինձ տուն են տվել Նորք-Մարաշում: Գնամ-տեսնեմ գեղեցիկ դուռ ա դրված, մտա ներս՝ տեսնեմ՝ մեջը ցեխ, ցեխոտ դուրս եմ եկել: Ես թոշակառու եմ, ամուսինս էլ վատառողջ է, ինձ ասում են՝ գնա սարքի տունը: Այժմ մենք վարձով ենք բնակվում, պարտքի մեջ խեղդված եմ: Իմ պայմանագրի մեջ գրված է՝ հատակը կաղնուց, իմ ճաշակով կահավորանք, բա ինչի՞ նշված պայմաններին չի համապատասխանում: Թող փողերը քիչ լափեին»,- ասաց նա՝ ավելացնելով՝ «գոնե բարեհաճեն նորմալ տուն տալ»: