Նախընտրական քարոզարշավի ավարտը մարտի 31-ին է: Ապրիլի 1-ը լռության օր է, քարոզչությունն արգելված է: Այս ընթացքում քաղաքական ուժերը շրջում են Հայաստանի մարզերով, ծանոթացնում իրենց նախընտրական ծրագրերին, խոստումներ տալիս: Իսկ ահա այդ քարոզչության ավարտը տեղի կունենա Երևանում՝ Ազատության հրապարակում: Երևանի քաղաքապետարանը հանրահավաքներ անցկացնելու վերաբերյալ տարբեր քաղաքական ուժերի ներկայացուցիչների կողմից արդեն իրազեկումներ է ընդունել ի գիտութուն: Եվ այսպես՝ ԼՈւՐԵՐ.com-ը ներկայացնում է, թե որ քաղաքական ուժը որ օրվա և ժամի համար է Ազատության հրապարակը «ամրագրել»:
Մարտի 25,26,27,28,29,30' «Օսկանյան-Րաֆֆի-Օհանյան» դաշինքի շտաբի պետ Արմեն Մարտիրոսյանը իրազեկում է ներկայացրել քաղաքապետարան՝ ժամը 11.00-23.00-ը Ազատության հրապարակում հավաք և հավաքի ընթացքում՝ ժ.19.00-20.30-ը Ազատության հրապարակ–Սայաթ-Նովա պողոտա–Աբովյան փողոց–Հանրապետության հրապարակ–Ամիրյան փողոց–Մաշտոցի պողոտա–Ազատության հրապարակ երթուղով երթ անցկացնելու վերաբերյալ։ Իսկ թե ինչու է Դաշինքը 6 օր Ազատության հրապարակը «զավթելու» վերաբերյալ իրազեկում ներկայացրել, դժվար է ասել: Միգուցե մտավախություն կա հավաքները չկայանալու մասով, դրա համար պահեստային տարբերակ են մտածել:
«Հանրապետական» կուսակցությունը իրազեկում է ներկայացրել մարտի 31-ին՝ ժամը 15.00-22.00-ը Ազատության հրապարակում հավաք անցկացնելու վերաբերյալ։
ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Աղվան Վարդանյանն իրազեկել է, որ մարտի 30-ին՝ ժ.19.00-22.00-ը Ազատության հրապարակում հավաք են անցկացնելու:
«Ազատ Դեմոկրատներ» կուսակցության գործադիր քարտուղար Մասիս Այվազյանը տեղեկացրել է, որ մարտի 27-ին՝ ժամը 16.00-22.00-ը Ազատության հրապարակում հավաք են անցկացնելու:
«Լուսավոր Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Դավիթ Խաժակյանի կողմից՝ մարտի 26-ին՝ ժամը 18.00-22.00-ը Ազատության հրապարակում հավաք անցկացնելու վերաբերյալ իրազեկում է ներկայացվել, իսկ մարտի 18-ին՝ ժամը 16.00-19.00-ը Ազատության հրապարակում հավաք կանցկացնեն, ժամը 19.00-ից՝ Ազատության հրապարակ–Սայաթ–Նովա պողոտա–Ալեք Մանուկյան փողոց–Վարդանանց փողոց–Տիգրան Մեծի պողոտա՝ մինչև Սասունցի Դավթի կայարան երթուղով երթ:
Մյուս քաղաքական ուժերն առայժմ հանրահավաքներ անցկացնելու և տարածքներ «ամրագրելու» վերաբերյալ իրազեկում չեն ներկայացրել Երևանի քաղաքապետարան: