«Ծառուկյան» դաշինքի առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, չնայած եղանակային վատ պայմաններին, խորհրդարանական ընտրություններին ընդառաջ քարոզարշավի շրջանակներում հանդիպեց Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի բնակիչների հետ։

 

 

 

«Ամենուր, ուր հանդիպում եմ ժողովրդի հետ, նույն բանն են ասում. «Ծառուկյան ջան, փրկի»: Ես ներկայացրել եմ ծրագիր, որը վերաբերվում է ցանկացած մարդու ու բնակչի, ու կարող է իրավիճակ ու կյանք փոխել,- ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի փոխանցմամբ՝ ասաց Ծառուկյանը:

 

Նրա խոսքով՝ ծրագրում ամեն հարց ներկայացված է' տնտեսությանը, մշակույթին, սոցիալականին վերաբերող, ու այդ ամենն իրագործելն արդեն օրվա հրամայական է դարձել.

 

«Այլապես մարդիկ չեն կարողանա շնչել: Այսօր ես բոլորի հետ շփվելով, իմանալով դարդ ու ցավը, խնդիրը՝ գիտեմ ինչ է պետք անել. պայման և հնարավորություն, աշխատանք և մրցակցություն, բանկի տոկոսների նվազեցում, թոշակների բարձրացում: Ես դա գրել եմ ու անելու եմ: Ինչքան էլ ուզում են ասեն, թե տանում են երկիրը դեպի տնտեսական զարգացում, անհնար է դա առանց այդ բոլոր պայմանների, որ մենք առաջարկում ենք»,- ասաց Ծառուկյանը:

 


ԲՀԿ առաջնորդի խոսքով` «Ծառուկյան» դաշինքի 15 կետերը ուղղակի գրված բառեր չեն, այլ ուսումնասիրության հիման վրա ամրագրված դրույթներ: Դրանք կարող են տնտեսություն աշխատացնել, տնտեսական աճ ապահովել.
«Մենք պատրաստ ենք իրավիճակ փոխել, համակարգ փոխել: Ես ասել եմ, որ պարտք ունեմ իմ ժողովրդին տալու և պատրաստ եմ դրան: Չկա խնդիր, որ լուծում չունեենա, անհնարին ոչինչ չկա: Միայն մոտեցումն է պետք փոխել, պետք է ժողովրդին սիրես, բյուջեի ծախսը պետք է նպատակային լինի, որ ժողովուրդը դա զգա ու վաղվա հույս ունենա: Պետք է պայման լինի, այդ դեպքում երկրից հեռացածների մեծ մասը կվերադառնա Հայաստան»,- ասաց նա ու հորդորեց ճիշտ ընտրություն կատարել ապրիլի 2-ին.

 

«Որոշողը դուք եք: Ես ոչ պաշտոնի խնդիր ունեմ, ոչ էլ ուրիշ, բայց խնդիր ունեմ ձեզ օգնելու, իրավիճակ փոխելու: Իսկ 50+1-ի դեպքում առաջին իսկ ամսում մեր 15 կետերը կյանքի կկոչենք»,- հավաստիացրեց մա: