Ինչքան մոտենում են ապրիլի 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունները, այնքան պարզորոշ է դառնում, թե որ քաղաքական ուժն ինչ հնարավորություն ունի, բացի այդ՝ ինչքան մոտենում է վերոնշյալ օրն, այդքան կրքերը թեժանում են, մրցակցությունը խորանում:

ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում նախընտրական շրջանում ստեղծված իրավիճակը և քարոզարշավը Հայաստանի Հանրապետական կուսակցության պատգամավոր Հայկ Բաբուխանյանը գնահատեց բնականոն. «Կարծում եմ՝ քարոզարշավը ընթանում է օրենքին, ազատ և անկախ ընտրությունների պահանջներին համապատասխան»:

Հարցին՝ ո՞ր շրջաններում են առավել լավ ընդունում Հայաստանի Հանրապետական կուսակցությանը, պատգամավորը պատասխանեց.

«Ամենուրեք: Թե մայրաքաղաքում, թե մարզերում ՀՀԿ-ն ունի համակիրներ, ընտրողներ, ովքեր շատ լավ են ընդունում: Կարծում եմ՝ ժողովուրդը ճիշտ կգնահատի կուսակցությունների ծրագրերը, չհիմնավորված խոստումները կտարանջատի իրական քաղաքականությունից»:

Մեզ հետ զրույցում ՀՀԿ-ական պատգամավոր Տաճատ Վարդապետյանը նկատեց՝ քարոզարշավն ընթանում է նորմալ և տարբեր շրջաններում կարող են ՀՀԿ-ին և՛ շատ լավ ընդունողներ լինել, և՛ դժգոհներ. «Յուրաքանչյուր քաղաքական ուժ հանրությանը ներկայանալու իր ծրագիրը, ոճն ու տարբերակն ունի: Հանրությունը պետք է յուրաքանչյուրին լսի և տարբերի թացը չորից: Իրագործելի խոստումը պետք է տարբերել ուտոպիական դրույթներից»:

Տաճատ Վարդապետյանը խորհրդարանական ընտրություններում ՀՀԿ-ի շանսերը ամենաբարձրն է գնահատում. «Համոզված եմ ՀՀԿ-ն հաղթանակ կտանի»:

Սոնա Հարությունյան