Ռուսաստանի դաշնությունում ՀՀ նորանշանակ դեսպան Վարդան Տողանյանն այսօր Sputnik Արմենիա մամուլի կենտրոնում կայացած մուլտիմեդիոն մամուլի ասուլիսի ընթացքում խոսեց դեսպանատան աշխատանքների, հայ-ռուսական հարաբերությունների,  ՌԴ-ում Հայաստանի քաղաքացիների ունեցած խնդիրների, դրանց լուծման ճանապարհների և այլնի մասին: Դեսպանի խոսքով՝ հենց առաջին օրվանից բավական ակտիվ աշխատանքների մեջ է եղել, քանի որ հայ-ռուսական հարաբերություններին առնչվող մի շարք միջոցառումներ համընկել են. «ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի այցը Ռուսաստան, Հայաստանում անցկացվելիք խորհրդարանական ընտրությունները և այլն: Ակտիվ աշխատանքներ են իրականացվում»: 

 

Տողանյանը շեշտեց, որ դեսպանատունը լրատվամիջոցների համար բաց է աշխատելու, հատկապես ռուսաստանյան լրատվամիջոցների, հաշվի առնելով նախորդ դեսպանի օրոք ՀՀ դեսպանության բավական փակ կառույց լինելը: Նոր դեսպանը, սակայն, հրաժարվեց գնահատական տալ նախորդի աշխատանքին՝ համարելով դա էթիկապես սխալ: «Մենք փակ բաժնետիրական ընկերություն չենք, մենք բաց ենք աշխատելու: Մտադիր ենք ակտիվ աշխատանքներ իրականացնել սոցցանցերում և համագործակցել բլոգերների հետ»,- ասաց նա: 

 

ՀՀ-ում կոնկրետ ներդրումային ծրագրեր իրականացնելու վերաբերյալ հարցին դեսպանն ասաց՝ Ռուսաստանի գյուղատնտեսության և էկոնոմիկայի նախարարությունների հետ քննարկումներ են իրականացնում բիզնես ծրագրերի ստեղծման վերաբերյալ, կոնկրետ քայլեր՝ 2017-ին կլինեն: «Ներդրումային ծրագրերի իրականացումը մեր առաջնային խնդիրներից մեկն է: Սերժ Սարգսյանի այցի շրջանակներում ստորագրվել են մի շարք փաստաթղթեր, ստեղծվել է ներդրումային ֆոնդ, որը կարող է իրականացնել բազմաթիվ հետաքրքիր ծրագրեր Հայաստանում»,- շեշտեց դեսպանը, հավելելով, որ այս պահին չի պալանավորվում ՌԴ այլ քաղաքներում ՀՀ հյուպատոսություն բացել: 

 

Անդրադառնալով արցախյան հակամարտության թեմային՝ դեսպանը նշեց՝ սպառազինության տեսանկյունից չպետք է մրցել Ադրբեջանի հետ. «Պարզապես կան առաջնահերթություններ, որոնց ուղղությամբ հայկական կողմը պետք է շարունակի աշխատել»:


Դեսպանի վստահեցմամբ՝ իրենց խնդիրը Հայաստանի շահերի լոբբինգով զբաղվելն է, ոչ թե ադրբեջանական լոբբինգի դեմ պայքարելը. «Հողմաղացների դեմ պայքարելը, կարծում եմ, իմ գործը չէ: Մեր գործը Հայաստանի շահերի լոբբինգով զբաղվելն է: Մոսկվայում Հայաստանի դեսպանատունը մտադիր չէ «ուժերը չափել» ադրբեջանցի գործընկերների հետ: Մենք գլադիատորական մարտեր չեն վարում որևէ բան համեմատության մեջ դնելու համար։ Մենք անելու ենք այն, ինչ արել ենք և առաջ ենք տանելու Հայաստանի շահերը»: 


Հայաստան-ԵՄ հարաբերությունների և «կամ-կամ» քաղաքականության վերաբերյալ դեսպանն ասաց՝ Հայաստանի և Եվրամիության հարաբերությունները համահունչ են ու զարգանում են: «Ինչպես գիտեք՝ Հայաստանն ու Եվրամիությունը նախաստորագրել են համապարփակ և ընդլայնված գործընկերության շուրջ նոր համաձայնագիրը, ինչն էլ նշանակում է, որ էլ ավելի է զարգանում երկկողմ հարաբերությունները: Կամ-կամի քաղաքականություն չկա»,- ընդգծեց Տողանյանը: 

 

Ինչ վերաբերում է ՌԴ-ում գտնվող ՀՀ քաղաքացիների խնդիրներին, առավելապես՝ փաստաթղթերի հետ կապված դժվարություններին, հյուպատոսական ծառայություններն առավել հասանելի դարձնելուն, Տողանյանն ասաց՝ խնդիրներ շատ կան, իրենք ցանկացած ահազանգի դեպքում արագ արձագանքում են: «Եթե բաներ կան, որ մենք չենք նկատում, խնդրում ենք՝ զանգահարեք մեզ, մեր մամուլի ծառայությունն աշխատում է, գրեք մեր ֆեյսբուքյան էջին և մենք արագ կարձագանքենք ցանկացած խնդրի: Այս առումով մեծ աշխատանք է տարվում»,- ամփոփեց իր խոսքը ՌԴ-ում ՀՀ դեսպանը: 

 

Տեսանյութը՝ ԼՈւՐԵՐ.com-ի.


Քրիստինա Աղալարյան