«Ո՞վ է ասում, որ ձերբակալել են: Սամվել Բաբայանի հետ խոսել եմ այսօր՝ ժամը մեկին՝ Երևանում: Ժամեր առաջ իր հետ էի: Շատ հանգիստ զրուցեցինք, նա նստեց իր մեքենան, ես՝ իմ, և ամեն մեկս գնացինք մեր գործերով»,-ԼՈւՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց «Արաբո» ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանը:

Մեր հարցին՝ արդյոք Սամվել Բաբայանը փորձել է  Վրաստանի Հանրապետությունից  Հայաստան «Իգլա» տեսակի զենիթա-հրթիռային համալիր տեղափոխել, Բաբայանի ընկերն Մանվել Եղիազարյանը պատասխանեց. «Որևէ նման բանի մասին երբեք չի խոսել, նման բան առաջին անգամ եմ լսում մամուլից: Երբեք նման մտադրության մասին չի ասել, նրա նկատմամբ էլ հետապնդումներ չեն եղել այս ընթացքում»: 

Սամվել Բաբայանի ձերբակալման մասին լուրի իսկությունը փորձեցինք ճշտել նաև ԱԱԾ-ից: ԱԱԾ-ի լրատվական բաժինը, սակայն, արդեն մեկ ժամ է՝ չի պատասխանում հեռախոսազանգին:

Հիշեցնենք, որ ԼՈւՐԵՐ. com-ի հետ զրույցում Արցախի ԱԺ պատգամավոր Հայկ Խանումյանը հաստատել է մամուլում հայտնված տեղեկատվությունը՝ նշելով, որ Սամվել Բաբայանին ձերբակալել են: