ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը հաղորդագրություն է տարածել ԼՂ պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանի ձերբակալության վերաբերյալ՝ նշելով, որ դա իրականացվել է Հայաստանի Հանրապետություն «Իգլա» տեսակի զենիթա-հրթիռային համալիր տեղափոխելու փաստի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում։

ԱԱԾ տարածած հաղորդագրությունը ներկայացնում ենք ամբողջությամբ.

«Ի պատասխան տարբեր լրատվամիջոցների բազմաթիվ հարցումների՝ ՀՀ Ազգային անվտանգության ծառայութան մամուլի կենտրոնը հայտնում է, որ մաքսանենգ եղանակով Հայաստանի Հանրապետություն «Իգլա» տեսակի զենիթա-հրթիռային համալիր տեղափոխելու փաստի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում այս պահին ձերբակալված են 3 անձ, այդ թվում՝ ՀՀ քաղաքացի Սամվել Բաբայանը։

Կատարված քննչական գործողությունների և օպերատիվ-հետախուզական միջոցառում-ների արդյունքում ստացվել են նաև արժանահավատ տվյալներ, որ նշված զենիթա-հրթիռային համալիրի բաղկացուցիչ մասերի ձեռքբերումը և փոխադրումն իրականացրած անձինք գործել են Սամվել Բաբայանի հետ ունեցած նախնական համաձայնությամբ և նրա պատվերով։

Ըստ փորձագետի եզրակացության՝ զենիթա-հրթիռային համալիրի բաղադրիչ կազմող «9M39» մարտական հրթիռը պիտանի է հետագա շահագործման համար և հանդիսանում է ռազմամթերք։

Ներկայումս պարզաբանվում են զենիթա-հրթիռային համալիրի բաղկացուցիչ մասերի ձեռքբերման շարժառիթները, հնարավոր օգտագործման նպատակները, ինչպես նաև ֆինանսավորման աղբյուրները։

Նախաքննությունը շարունակվում է։

Ծանուցում. Հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղքն ապացուցված չէ օրենքով սահմանված կարգով՝ դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով»։